Մատչելիության հղումներ

logo-print

Ստեղծվեց «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը


Այսօր պաշտոնապես վավերացվեց ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծեցին «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:

«Միասնություն» խմբակցությունը, այդուհանդերձ, շարունակում է մնալ ամենամեծը Ազգային ժողովում՝ 38 պատգամավոր, որոնցից 25-ը ներկայացնում են իշխող ՀՀԿ-ն: Խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով, «ապահարզանը» իրականում վաղուց էր եղել: ՀԺԿ-ականները արդեն երկար ժամանակ չէին մասնակցում խմբակցության նիստերին:

Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, «16»-ի հայտարարությունը խթան դարձավ, որպեսզի այդ մասին արդեն հրապարակավ հայտարարեն:

«Բավականին երկար ժամանակ մենք զգում էինք, որ այն [«Միասնություն» խմբակցությունը] շեղվել է իր հիմնական ծրագրերից: Ընդունվում են հակաժողովրդական մի շարք օրենքներ եւ ակամա մենք նույնպես դառնում ենք մասնակիցներ՝ հանդիսանալով «Միասնություն» դաշինքի անդամներ», -հայտարարեց ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը: - «Այդ պատճառով մենք որոշեցինք թողնել «Միասնություն» դաշինքը՝ հավատարիմ մնալով Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մշակած ծրագրերին»:

Երբ խորհրդարանում շրջանառվում էր պատգամավորական նոր խմբի ձեւավորման մասին լուրը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության համանախագահ Արամ Սարգսյանը նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կենտրոնում մասնակցում էին «Կրոնի եւ եկեղեցու դերը հայ ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանության գործում» սեմինարին: Դեմիրճյան-Սարգսյան-Հովհաննիսյան համագործակցության մասին լուրերն արդեն շրջանառվում էին, սակայն այսօր այդ փաստն էլ, թերեւս, արձանագրվեց:

«Ես կարծում եմ, արդեն լուրջ զարգացումներ ունի դա: Դա վաղուց լուրջ զարգացումներ ուներ», - ասաց Արամ Սարգսյանը՝ պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կառույցի հետ համագործացության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցին: - «Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը ինձ միշտ հետաքրքրել է: Ես միշտ խորհրդակցել եմ իր հետ.. եւ հիմնական հարցերում մենք գրեթե միակարծիք ենք»:

Արամ Սարգսյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հարաբերությունները բավականին ակտիվ են թե' քաղաքական, թե' մարդկային առումներով: «Ցանկացած առումներով Րաֆֆի կարծիքը ինձ հետաքրքրել է: Ես խորհրդակցել եմ միշտ իր հետ, կիսել եմ իր մտայնությունները եւ հիմնական հարցերում համարյա թե միակարծիք ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին վարչապետը:

Թերեւս նրանք համակարծիք էին նաեւ ընդդիմադիր ուժերի միավորման հարցում: Համենայնդեպս, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ողջունում է «16»-ի քաղաքական ուժերի վերջերս կատարած հայտարությունը: Հովհաննիսյանը չբացառեց, որ իր կուսակցության ստեղծումը նախընտրական շրջանում: «Ես երբեւէ կուսակցական չեմ եղել», - ասաց նա՝ ավելացնելով. - «Անկեղծ չէի լինի եթե ասեի, որ բացառվում է, որովհետեւ այս կյանքի մեջ ամեն ինչ հնարավոր է՝ եթե դու նպատակ ունես եւ այդ նպատակը կիսում են համախոհներ եւ ժողովրդի որոշակի շերտեր»:

Լուրեր են պտտվում նաեւ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման մասին: Արամ Սարգսյանի կարծիքով, եթե Րաֆֆին ինքը նպատակահարմար գտնի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա այդ հարցը անպայման կքննարկվի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ կապակցությամբ ասաց. - «Ես ինձ համարում եմ զինվոր եւ ես իմ ամբողջ ուժը, էներգիան իր ամբողջ գերլարմամբ պիտի ներդնեմ, որպեսզի այս անգամ ընտրությունները լինեն ուղիղ, արդար, ազատ եւ ունենան այն արդյունքը, որի համար վերջում չենք զղջալու»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG