Մատչելիության հղումներ




Երեքշաբթի օրը Երեւանում ավարտվեց Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստը: Ընդունված համատեղ հայտարարությամբ հանձնաժողովը հավաստում է իր աջակցությունը Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտմանը:

Հանձնաժողովը քննարկել է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Հայստանում իրականացվող բարեփոխումներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մենք պարզեցինք, որ Հայաստանը շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հանդեպ», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց հանձնաժողովի համանախագահ Ուրսուլա Շլայխերը:

Հանձաժողովի անդամներին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Դեպի եվրոպական ընտանիք Հայաստանի ընտրությունն անշրջելի է, եւ մենք հետեւողականորեն ընթանալու ենք այդ ճանապարհով», - շեշտել է Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների նախորդ այցից հետո անցած երկու տարվա ընթացքում իրականացվել են քաղաքական եւ տնտեսական լուրջ բարեփոխումներ, Հայաստանը դարձել է Եվրախորհրդի լիիրավ անդամ եւ մտադիր է ընդլայնել հարաբերությունները Եվրամիության հետ:

Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են խորհրդարանի գործունեությանը, առաջիկա երեք ընտրությունների անցկացմանը, Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ թափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի զարգացման նախապայմանն է, որովհետեւ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը կարող է հաջողությամբ իրականացնել ծրագրերը երկրի ներսում ու պաշտպանել պետության շահերը երկրից դուրս:



Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG