Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի ուղերձը սեպտեմբերի 11-ի ողբերգության տարելիցի կապակցությամբ





«2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները հիմնովին փոխեցին Ամերիկան եւ ամբողջ աշխարհը: Գաղափարախոսությունների մրցավազքը մեզ այլեւս չի բաժանում Արեւելքի եւ Արեւմուտքի: Ընդսմին, աշխարհի ժողովուրդները միավորվում են ընդդեմ «մշուշապատ» հանցավոր կազմակերպությունների սպառնալիքի, որոնք իրենց նպատակներին հասնելու համար գործադրում են ահաբեկչությունը եւ սպանությունը», - այսպես է սկսվում Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի ուղերձը սեպտեմբերի 11-ի ողբերգության տարելիցի կապակցությամբ:

Այնուհետեւ ընդգծվում է, որ ահաբեկիչները սխալվել են, կարծելով, թե զանգվածային սպանդի ահավոր ակտը ԱՄՆ-ին կհարկադրի հեռանալ աշխարհի ասպարեզից, սխալվել են, կարծելով, թե մյուս պետությունները իրենց դեմ նմանատիպ հարձակումների սպառնալիքի ազդեցության տակ՝ մենակ կթողնեն Միացյալ Նահանգներին, եվ վերջապես սխալվել են՝ կարծելով, թե կարող են խուսափել արդարադատությունից:

«Երեւանում ինչպես եւ շատ այլ պետություններում, ԱՄՆ-ի դեսպանատունը ողողվեց ծաղիկներով եւ ցավակցության, համերաշխության այլ խորհրդանիշերով, հուշ-արարողությունները ցավ արտահայտեցին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ ողբերգություն, որն ուղղված էր տարբեր ազգերի, այդ թվում՝ հայազգիների կյանքի ու ապագայի դեմ», - Հայաստանի վերաբերմունքին անդրադարձավ դեսպանը: - «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ ժողովուրդը խորապես երախտապարտ են աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր արտահայտեցին իրենց աջակցությունն ու կարեկցանքը: Շնորհակալ ենք Հայաստանին՝ կառավարության ցուցաբերած պաշտոնական օժանդակության, ինչպես նաեւ այն սրտաբուխ կարեկցանքի եւ կսկիծի համար, որ հայ ժողովուրդն արտահայտեց Նյու Յորքի, Պենտագոնի եւ Պենսիլվանիայի հրեշային սպանությունների զոհերի նկատմամբ»:

Ջոն Օրդուեյը, պատասխանելով սեպտեմբերի 11-ից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած փոփոխություններին վերաբերող հարցին, ասաց. - «Ես կարծում եմ, սեպտեմբերի 11-ից դեռեւս շատ ավելի վաղ՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները դրվել էին բավականին բարենպաստ հիմքերի վրա: Բայց կարծում եմ, սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո համագործակցության նոր հորիզոններ բացվեցին: Իրավական բնագավառում հանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները մենք դրեցինք ավելի բարձր հիմքերի վրա»:

Հակաահաբեկչական պայքարը շարունակվելու դեպքում ԱՄՆ-ը քաղաքական ի՞նչ դիրքորոշում կցանկանար ստանալ Հայաստանից. «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ջոն Օրդուեյը պատասխանեց. - «Թե ինչպիսի աջակցություն, օժանդակություն եւ համագործակցություն կպահանջվի ապագայում, իհարկե, մեծապես կախված է, թե միջազգային կոալիցիայի անդամները ինչպիսի քայլեր կձեռնարկեն: Ինչպես նաեւ մեծապես կախված է, թե ահաբեկիչների կողմից հետագա ինչ քայլեր կձեռնարկվեն՝ եթե այդպիսիք ընդհանրապես լինեն»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG