Մատչելիության հղումներ

Հայաստանը Մեծամորի ատոմակայանի փակման ներդրումային ծրագիր է առաջարկել դոնորներին


Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը, Յոհանեսբուրգի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միջազգային դոնորների հանրությանը Մեծամորի ատոմակայանի փակման կոնկրետ ներդրումային ծրագիր է առաջարկել՝ պահանջելով այդ նպատակով ծախսել 1,2-1,5 միլիարդ դոլար։ Վարչապետը պոտենցիալ դոնորներին տարեվերջին հրավիրվել է մասնակցելու հատուկ այդ նպատակով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյան խոսքերով, ատոմակայանի փակման ծրագիրն ուղղակի պատասխան է այն ճնշումներին, որ տարիներ ի վեր կիրառվում են Հայաստանի նկատմամբ: Ծրագիրը նաեւ ցույց է տալիս այլընտրանքային էլեկտրաէներգիա ունենալու ուղիները:

«Ատոմակայանը միայն կարող ենք փակել այն պահին, երբ մենք ալտերնատիվ աղբյուր կունենանք», - ասաց Խաչատրյանը: - «Հակառակ դեպքում փակելու մասին գոնե հիմա խոսել հնարավոր չէ»:

Դեռեւս երկու տարի առաջ Եվրամիությունը առաջարկել է Մեծամորի ատոմակայնի փակման համար միջոցներ ստեղծելու համար նպատակային հիմնադրամ ստեղծել ու պատրաստակամություն է հայտնել առաջին 100 միլիոն եվրոն ներդնել: Սակայն, մեր պաշտոնյաների դիտանկյունից, այդ գումարը շատ քիչ է:

«100 միլիոնը, փաստորեն, այն ծրագիրը չէ, որ մեր անհրաժեշտ է», - ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը:

Փաստորեն, նախարարի խոսքերով, Եվրամիությունը գումար է առաջարկում ընդամենը ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու եւ կանգնեցված ռեակտորը էկոլոգիապես չեզոքացնելու համար: Իսկ առնվազն 400 մեգավատտ հզորությանը համարժեք էներգետիկ կարողության այլընտրանք չի նախատեսում, ինչը, բնականաբար, անընդունելի է մեր իշխանությունների համար:

Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, Հայաստանի մշակած ծրագիրը ներդրումային սցենար է նախատեսում. ընդ որում՝ ոչ թե սոսկ գումար է պահանջվում այլ՝ առաջարկվում է մասնակցություն որոշակի ծրագրի շրջանակներում: Նրա խոսքերով, որոշ ներդրողներ արդեն հետաքրքրված են Հայաստանում փոքր ՀԷԿ-եր կառուցելու գաղափարով, սակայն, ծրագրի հաջող իրականացման համար հարկավոր է հզոր դոնորների աջակցությունը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG