Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում





2000 թվականի սկզբին՝ երկկողմ տնտեսական կապերն ամրապնդելու եւ Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության լավագույնս օգտագործումը ապահովելու նպատակով ստեղծված հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խումբը, ըստ պաշտոնական աղբյուրների, հերթական հանդիպումը կանցկացնի Վաշինգտոնում ընթացիկ ամսվա վերջին:

Առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցերը երկուշաբթի օրը քննարկել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

«Քննարկվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Երեւանում: «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախմբի թվով չորրորդ հանդիպումը մինչ այժմ անցկացվածների մեջ ամենից արդյունավետն է», - այն ժամանակ ասել էր հանձնախմբի համանախագահ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային տրամադրվող օգնությունը համակարգող դեսպան Ուիլյամ Թեյլորը, ավելացնելով, որ քննարկվել է այն խնդիրը, թե ամերիկյան կառավարության օգնությունը ինչպե՞ս կարող է օժանդակել Հայաստանի տնտեսության զարգացման եւ դեմոկրատացման ոլորտներին:

Այս տարի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրած 90 մլն դոլարի ֆինանսական օգնության օգտագործվում է էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ առողջապահության բնագավառների տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորման համար։


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG