Մատչելիության հղումներ

«Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիրը դիմել է Հայաստանի ղեկավարությանը


«Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը գրավոր հայտարարությամբ դիմել է հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարներին: Նա հերքել է, թե առեւանգված է եղել:

Կիրակի ուշ երեկոյան Մեհրաբյանը Հետաքննող լրագրողների միության ղեկավար Էդուարդ Բաղդասարյանին ներկայացրել է իր տարօրինակ անհետացման պատմությունը: Ըստ այդմ՝ Արտաշես Մեհրաբյանը սեպտենբերի 6-ին «Օր» թերթի խմբագրության մուտքի հանդիպել է իրեն սպասող երեք տղամարդկանց, որոնցից մեկը, ըստ Մեհրաբյանի՝ «մոտենալով սպառնաց, որ «Աբովյան» հեռուստաընկերությունը պետք է գովազդի միայն քաղաքապետ Կարո Իսրայելյանին»:

«Այս պահանջը կատարելու դեպքում», - շարունակել է Մեհրաբյանը, - «նրանք խոստացան մեծ գումարներ: Հակառակ դեպքում՝ հեռուստախմբագրությունը չպետք է աշխատի մինչեւ տեղական ընտրություների ավարտը: Այլապես նրանք հաշվեհարդար կտեսնեն ինձ, հեռուստախմբագրության աշխատանիցների եւ իմ ընտանիքի անդամների հետ»:

Բացի այդ, ըստ Արտաշես Մեհրաբյանի, պահանջել են, որ այդ ժամանակահատվածում ինքը հեռանա Աբովյան քաղաքից:

Մեհրաբյանը իրեն սպառնացող անձանց չի ճանաչել եւ երբեւէ չի տեսել: Նրա վկայությամբ, սեպտեմբերի 6-ին այդ տղամարդկանց հետ հանդիպելուց հետո ինքն իսկապես գնացել է Ղարաբաղ, բայց հաջորդ օրը, երբ մամուլից տեղեկացել է, որ իր տարօրինակ բացակայության պատճառով մեծ աղմուկ է բարձրացել, անմիջապես վերադարձել է:

Չնայած թե' Մեհրաբյանը եւ թե' հեռուստախմբագրության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը պնդում են, թե այս ամենը կատարվում է քաղաքապետ Կարո Իսրայելյանի հանձնարարությամբ, վերջինս շարունակում է հակառակը պնդել: Նրա խոսքերով, Արտաշես Մեհրաբյանն ընդհանրապես անկանխատեսելի անձնավորություն է, նա հաճախ է բացակայել քաղաքից եւ հանրապետությունից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG