Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Արկադի Ղուկասյանի պաշտոնամուտի արարողությունը





Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի այսօր տեղի ունեցած հատուկ նիստը նվիրված էր ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրված Արկադի Ղուկասյանի պաշտոնամուտին: Անցած ամիս տեղի ունեցած ընտրություններում Արկադի Ղուկասյանը համոզիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով ընտրողներ ձայների շուրջ 89 տոկոսը:

Ձեռքը դնելով 12-րդ դարի Ավետարանի եւ ԼՂՀ անկախության հռչակագրի տեքստի վրա, հավաքված հարյուրավոր յուրայինների ու հյուրերի ներկայությամբ Արկադի Ղուկասյանը երկրորդ անգամ ստանձնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ երդվելով լինել հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պաշտպանության, անկախության եւ ժողովրդավարության, քաղաքացիների անվտանգության, իրավունքների եւ ազատությունների ապահովման երաշխավորը: Նախագահին շնորհավորեց եւ օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նիստում ունեցած իր ելույթում Ղուկասյանը հավաստիացրեց, որ ԼՂՀ-ն չի շեղվելու ժողովրդավարության ուղուց: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որի առջեւ կանգնած է միջազգային ճանաչման խնդիրը», - ասաց նա: - «Մենք պետք է առաջիկայում եւս չթուլացող ուշադրություն դարձնենք երկրի պաշտպանունակության ամրապնդմանը... Ցավոք, Ադրբեջանի քարոզչական մեքենան շարունակում է հակահայկական հիստերիա բորբոքել: Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ռազմական ուժի դիմելու Ադրբեջանի ցանկացած փորձ արժանի պատասխան կստանա ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից»:

Պաշտոնամուտի արարողությանը, ի թիվս այլոց, ներկա էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG