Մատչելիության հղումներ

Առայժմ անհայտ է «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադրի գտնվելու վայրը


«Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանի գտնվելու վայրի մասին առայժմ ստույգ տեղեկություններ չկան: Հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի տեղեկացմամբ, երեկ Մեհրաբյանը առավոտյան զանգահարել է խմբագրություն եւ պահանջել դադարեցնել աշխատանքը: Մեհրաբյանի մայրը՝ Ժենիկ Մեհրաբյանը այսօր Աբովյանի ներքին գործերի բաժնում համապատասխան հայտարարություն է տվել:

Օգոստոսի 24-ին «Աբովյան» հեռուստաընկերության ղեկավարների եւ, վերջիններիս պնդմամբ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել, որի վարույթը, հեռուստաընկերության ղեկավարների խնդրանքով գլխավոր դատախազ Արամ Թամազյանը Աբովյանի դատախազությունից փոխանցել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազությունը: Քաղաքապետը հերքում է, թե որեւէ առնչություն ունի կատարվածի հետ:

Ազնիվ Չիզմեչյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Մեհրաբյանը իրեն զանգահարել է առավոտյան 11.30-ին եւ պահանջել է դադարեցնել հեռուստախմբագրության աշխատանքները: «Ամբողջ մտահոգությունն այն է, որ ես երբեւիցե նման հրահանգ չեմ ստացել նրանից», - ասաց Չիզմեչյանը՝ ավելացնելով, որ Մեհրաբյանը չպատասխանեց իր գտնվելու վայրի մասին հարցին: - «Իսկ այսօր առավոտյան ես ստացել եմ զանգ Էդիկ անունով անձնավորության կողմից, որը ասաց, թե Մեհրաբյանը իրեն ասել է, թե գնալու է Երեւան՝ բարեկամների մոտ, որից հետո պետք է գնա Ղարաբաղ»:

Սակայն Մեհրաբյանը, ինչպես ճշտել են հեռուստաընկերության աշխատակիցները, Երեւանում որեւէ ազգականի մոտ չի եղել: Ազնիվ Չիզմեչյանը որեւէ տեղեկություն չունի, թե Մեհրաբյանը պատրաստվում էր մեկնել Ղարաբաղ:

Աբովյանի ներքին գործերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե շարունակում են որոնել Արտաշես Մեհրաբյանին:

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ ժուռնալիստների միությունում հավաքված մի քանի լրատվամիջոցների եւ լրագրողական միությունների ներկայացուցիչները խնդրի վերաբերյալ հանրապետության նախագահի հետ հանդիպելու խնդրանքով դիմել են Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին: Երկրի նախագահը արդեն տեղյակ է տեղի ունեցածին, եւ Հասմիկ Պետրոսյանը առաջարկել է ներկայացնել այն լրատվամիջոցների ներկայացուցիչների ցուցակը, ովքեր ուզում են հանդիպել հանրապետության նախագահին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG