Մատչելիության հղումներ

Պրոֆիլակտիկայի եւ վերալիցքավորման նպատակով կկանգնեցվի Մեծամորի ատոմակայանը


Հոկտեմբերի 1-ից 45 օրով կկանգնեցվի Մեծամորի ատոմակայանը՝ պրոֆիլակտիկ աշխատանքների եւ միջուկային վառելիքի վերալիցքավորման նպատակով:

Սրանք ամենամյա պլանային աշխատանքներ են, սակայն այս տարի խոսակցություններ կան, թե ատոմակայանը կարող է չվերաբացվել: Պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքերով, օրինակ, քանի որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանին է անցել Հրազդանի ջերմակայանը, ապա ատոմակայանի չաշխատելու դեպքում ՋԷԿ-ը մրցակից չի ունենա եւ կկարողանա վաճառել իր արտադրած ավելի թանկ էլեկտրաէներգիան:

Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկուսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ պլանավորված աշխատանքների իրականացումից հետո ատոմակայանը շարունակելու է աշխատել:

Հայաստանի էներգետիկ համակարգի բնականոն գործունեությունը ապահովում են Մեծամորի ատոմակայանն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը տալիս է ատոմակայանը, որի գործող ռեակտորի հզորությունը 407,5 մեգավատտ է: 2,5 անգամ ավելի է Հրազդանի ՋԷԿ-ի հզորությունը: Այլ խնդիր է, որ ջերմակայանի հզորությունը ամբոջությամբ չի օգտագործվում. այն ամիսներին, երբ էլեկտրաէներգիայի պահանջարկը քիչ է, Հրազդանի ՋԷԿ-ն ու ատոմակայանը հերթով են աշխատում: ՋԷԿ-ը, օրինակ, մայիսից կանգնած է՝ գազ է խնայում, եւ կսկսի աշխատել, երբ կանգնի ատոմակայանը: Ատոմակայանի տնօրենի խոսքերով, այստեղ մրցակցության խնդիր չկա:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված փաստաթղթի համաձայն, Մեծամորի ատոմակայանը նախատեսվում էր փակել 2004 թվականին: Ատոմակայանի տնօրենը, սակայն, ասաց, թե դա իրական չի համարում՝ պատճառաբանելով, թե չկան փոխարինող հզորություններ:

Հրազդանի ՋԷԿ-ը, ասենք, կարող է փոխարինել ատոմակայանին, սակայն, այդ դեպքում, ըստ Մարկոսյանի, հնարավոր չի լինի չբարձրացնել սակագինը:

1977 թվականին գործարկված Մեծամորի ատոմակայանը 9 տարի անց փակվեց, վերագործարկվեց 1995 թվականին: Պատասխանելով հարցին, թե դեռ որքան կարող է ատոմակայանը հուսալի ու ապահով աշխատել, տնօրենն ասաց, թե գործող բլոկը աշխատել է իր նախագծային ռեսուրսի ուղիղ կեսը եւ կարող է անխափան աշխատել առնվազն մինչեւ 2015 թվականը:

Անցյալ տարի Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները սպառնում էին գործադուլի դիմել՝ աշխատավարձի չվճարումների պատճառով: Այս ամռանը նշանակված տնօրենի խոսքերով, պարտքերի մեծ մասը մարվել է, մնացել է երկու ամսվա աշխատավարձի պարտք, իսկ ընթացիկ աշխատավարձը կանոնավոր կերպով վճարվում է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG