Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը վերաբերում 16-ի միավորման ստեղծմանն ու ընդունված հայտարարությանը». «Հայոց Աշխարհ» թերթի այս հարցին նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանել է. - «Վերջին տարիներին ականատես ենք եղել զանազան միությունների, դաշինքների, բլոկների ու այլեւայլ միավորումների ստեղծմանը: Դրանց հայտարարությունները միմյանցից քիչ են տարբերվել, գործունեությունն էլ որեւէ բանով աչքի չի ընկել: Նոր հռչակված միավորումը կազմող ուժերի նկատմամբ նոր վերաբերմունք չկա: Միության մասին դատելն առայժմ վաղ է: Կարծում եմ, պետք է սպասել, որ լիովին դրսեւորվեն, տեսնենք՝ ասելիք այնուամենայնիվ ունե՞ն, թե՞ ոչ»: «Վահե Գաբրիելյանի պատասխանից դատելով, նախագահն ընդհանուր առմամբ անտարբեր է 16-ի միավորման նկատմամբ եւ առանձնապես չի կարեւորում այդ հանգամանքը», - ավելացնում է «Հայոց Աշխարհ»-ը: Զուգահեռելով 1996-ի եւ ներկայիս իրավիճակները, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, մասնավորապես, հիշեցնում է. «Այն ժամանակ հնգյակի հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունեց միասնական թեկնածուով հանդես գալը, բայց ասաց, որ այդ ուժերի միավորումը համախմբում է ոչ թե հանուն գաղափարների, այլ ընդդեմ իշխանությունների եւ չունի սոցիալական հիմք: Այդ միության մեջ մտնող անձինք նույնիսկ հոգեբանորեն անհամատեղելի են»: Այն ժամանակ էլ նշվում էր, որ միավորվածները տարբեր ժամանակներում ունեցել են թե' իշխանություն եւ թե' ձայների մեծամասնություն խորհրդարանում եւ ինչ կարող էին անել, արդեն արել են»: Ինչեւէ, հետո եղավ այն, ինչ եղավ, եւ մեկնաբանը մտահոգություն է շեշտում, որ 96-ից եկող գործիչները հիմա նույն հունը չմղեն իր անելիքը դեռեւս լավ չպատկերացնող ներկայիս դաշինքը: Իսկ նորաստեղծ այս միավորման մեջ, ինչպես փաստում է «Հայկական ժամանակ» թերթը, հենց առաջին օրվանից են բորբոքվել տարաձայնությունները: Մասնավորապես, այն, որ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը չէր ներկայացել 16 կուսակցությունների լիդերների համատեղ ասուլիսին, առաջացրել է մնացած բոլոր կուսակցությունների ղեկավարների դժգոհությունը: Մանավանդ, բացառապես լիդերների ֆորմատով կազմակերպվելու գաղափարը եղել է հենց Գեղամյանինը: Կամ, ի տարբերություն մնացյալ 15-ի, որ կողմ են Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած միասնական նախընտրական շտաբը պահպանվի հին կազմով, եւ շտաբում պարզապես ավելանան նաեւ «Ազգային միաբանության», ՀԿԿ-ի եւ Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները, «Ազգային միաբանություն»-ը առաջարկում է, որ շտաբի նոր ընտրություն տեղի ունենա, ինչպես նաեւ ընտրվի շտաբի նոր պետ: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը օրերս Կապանում հանդիպման ժամանակ հերքելով լուրերը, թե ինքը հանդիպում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, ոչ վաղ պատմությունից հիշեցրել է. - «1998-ին էլ նույն վիճակն էր, երբ ասում էին, թե Կարեն Դեմիրճյանի հետեւում ՀՀՇ-ն է կանգնած... Այդպիսի լուրերը որոշ ուժեր են տարածում, մասնավորապես իշխանությունները, որպեսզի բիծ գցեն մեր հեղինակության վրա», - որակել է ՀԺԿ ղեկավարը:

Ընդդիմադիր է դարձել մինչեւ վերջերս կարծր իշխանամետ համարվող պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, եւ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Ես բարոյական այնպիսի կշիռ ունեցող անձնավորություն եմ, որի հետ ժողովուրդը միանշանակ անկեղծ է: Եվ այսօր շփվելով ժողովրդի հետ եւ իրազեկ լինելով նրանց դժգոհություններին, ես համոզվում եմ, որ այս իշխանությունների վերարտադրումը բացառվում է: Այսօր ակնհայտ է մի փաստ՝ ժողովրդի տրամադրվածությունը բնավ այս իշխանությունների օգտին չէ... Այսօր բոլորը փորձում են ձերբազատվել այս իշխանության հետ կապ ունեցող ցանկացած լծակից», - միտում է մատնանշում Հովհաննիսյանը՝ նաեւ կիսվելով. - «Ինձ զարմացնում է, որ մեր ժողովուրդն իսկապես շատ խելոք է. նա ամեն ինչ հրաշալի հասկանում է եւ շատ ճիշտ գնահատում»:

«Առավոտ»-ում ներկայացվող հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աղաբաբյանը ընդգծել է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավ չի սկսել, իսկ իշխանական վերնախավի որոշ օղակներ, նրա հնարավոր մասնակցությունն աչքի առաջ ունենալով, նախահարձակ են լինում: Ու տպավորություն է ստեղծվում, թե Հովհաննիսյանը ընտրարշավ է սկսել: Րաֆֆիի գործունեությունը կարծես չափից ավելի է անհանգստացնում «վերեւներին»: Վերջերս որոշ իշխանամետ զանգվածային լրատվամիջոցներում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ընդգծված «արշավանք» է սկսվել»:

«Ներկայիս Հայաստանը չգիտակցված քաղաքական ընտրության երկիր է», - գրում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Նրա քաղաքացիները արձագանքում են անուններին, այլ ոչ թե ծրագրերին ու հիմնադրույթներին: Այստեղ ում օգտին ասես կարող են քվեարկել, ընդ որում՝ չխորհելով, թե ինչպիսի՞ պետություն կդառնա Հայաստանը մեկի կամ մյուսի հաղթանակի դեպքում»: Հիմա էլ պահպանվում է 1995-ի պատկերը, երբ «ընտրողների ոչ ավելի, քանի 5 տոկոսը գիտեր այն թեկնածուի ծրագիրը եւ 10 տոկոսը՝ այն կուսակցության ծրագիրը, որոնց օգտին քվեարկել է»: Խմբագրի հայացքով, մեզանում քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը դեռ երբեք այսքան ցածր մակարդակի վրա չի եղել. «Մեր հասարակությունը այդպես էլ չկարողացավ դուրս գալ սոցիալական թշնամանքի ճահճից: Ավելին՝ էլ ավելի հիմնավոր խրվեց նրա մեջ»: Հիվանդ հասարակությունն էլ իշխանության է բերում իր նմաններին: «Հիմա էլ բոլոր կողմերից լսվում է. «Ժողովուրդը կկարողանա ամեն ինչից գլուխ հանել ու տարբերել իրականը կեղծից», բայց մեզանում շատ-շատ ցնցումներ հենց հակառակն են ապացուցել», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Օր» թերթի մեկնաբանն էլ Հայաստանի ընթացքը խտացնում է «Անձերի առատություն - գաղափարների բացակայություն» բանաձեւով: Քաղաքական ուժերն ու գործիչները ժողովրդին անընդհատ հախուռն հրում են քաղաքականության մեջ, չանելով, սակայն, իրենց բուն գործը, չտալով ուղի եւ ծրագիր:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG