Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերի նոր սեփականատերերը վճռական են տրամադրված





Հայաստանի բաշխիչ ցանցերի նոր սեփականատիրոջ՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Միդլենդ Ռիսորսիզ հոլդինգ»-ի մոսկովյան ներկայացուցչության տնօրեն Անդրեյ Զավրաժնովը եւ համակարգային զարգացման գծով տնօրեն Եվգենի Գլադունչիկը այսօր լրագրողներին ներկայացրին իրենց ընկերությունը, տվեցին ցանցերի՝ իրենց գնահատականը, խոսեցին մոտակա ծրագրերի մասին:

Ըստ Անդրեյ Զավրաժնովի, երկու մասնավոր անձանց՝ կանադացի Ալեքս Շնայդերի եւ անգլիացի Էդվարդ Շիֆրինի կողմից 1997 թվականին ստեղծված ու տարեկան մոտ 600 միլիոն դոլարի շրջանառություն ունեցող «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը զբաղվում է, գլխավորապես սեւ մետաղների առեւտրով: Ուկրաինայի խոշորագույն մետալուրգիական ընկերության՝ «Զապորոժստալ»-ի հիմնական բաժնետերն է, ընկերություններ ունի նաեւ վուշի վերամշակման, գյուղմթերքների արտադրության ոլորտներում։

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը, իր ներկայացուցչի մատուցմամբ, զբաղվում է, այսպես կոչված, ճգնաժամային կառավարմամբ, այսինքն՝ գնում է ֆինանսական ճեղքվածք ունեցող ընկերություններ, բարելավում է դրանց վիճակը ու դարձնում շահութաբեր։

Իրենց՝ օֆշորային գոտում գրանցված լինելու մեղադրանքի առնչությամբ Զավրաժնովն ասաց, որ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը գրանցված է բրիտանական Գենսի կղզում, որն ամենեւին էլ վատահամբավ չէ ու չի ընդգրկված այն օֆշորային գոտիների ցուցակում, որտեղ կեղտոտ փողեր են լվացվում:

Գործարքի ընդդիմախոսների առաջադրած մյուս մեղադրանքը ցանցերը էներգետիկ բնագավառի կառավարման փորձ չունեցող ընկերության վաճառելն է: Այս կապակցությամբ Անդրեյ Զավրաժնովը ասաց, թե ցանցերի կառավարման նպատակով ներգրավվելու են բազմամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալ մենեջերներ, որոնցից մեկն էլ ասուլիսին ներկա Եվգենի Գլադունչիկն է: Վերջինս Հայաստանի Էլեկտրացանցի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը նոր սեփականատիրոջը փոխանցվելուց հետո նշանակվելու է ցանցի գլխավոր գործադիր տնօրեն։

Ինչ վերաբերում է տեխնիկական մենեջմենթին, ապա, ըստ Անդրեյ Զավրաժնովի, արդեն բանակցություններ են ընթանում մեծ փորձ ունեցող միջազգային մի հեղինակավոր ընկերության հետ, որի անունը 2-3 շաբաթից կներկայացվի հանրությանը:

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 80,1 տոկոսին տիրացավ դրանց մասնավորեցման երրորդ մրցույթի արդյունքում՝ վճարելով մոտ 37 մլն դոլար: Էլցանցի նոր սեփականատիրոջ օֆշորային կարգավիճակն ու տվյալ բնագավառում փորձի բացակայությունը հարուցել է նաեւ արեւմտյան դոնորների մտահոգությունը: Համաշխարհային բանկը, օրինակ, կարծես թե, կրկին հետաձգում է Կառուցվածքային բարեփոխումների վարկի՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը կապակցված 20 միլիոնանոց մասաբաժնի հատկացումը: Իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը, ըստ Հայաստանի կառավարության հետ ունեցած պայմանավորվածության, գնելու էր բաժնետոմսերի մնացած 19,9 տոկոսը, կարծես թե երկմտում է:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Լոնդոնում գտնվող կենտրոնական գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասացին, որ բանկը դեռ ծանրութեթեւ է անում իրավիճակը, վերջնական որոշում չի ընդունվել: «Մենք բազմաթիվ ներքին որոշումներ դեռ պիտի ընդունենք, ուստի առայժմ որոշակի ոչինչ չեմ կարող ասել», - ասաց բանկի խոսնակ Ջուլիա Զիլբերմանը:

«Մեր գնած ընկերության պրոբլեմն այն է, որ շատ վատ է կազմակերպված նրա կառավարումը՝ ֆինանսական հոսքերի եւ հսկայական չափերի գողության առումով», - գնած ցանցերի վիճակը գնահատեց Զավրաժնովը՝ անգամ զարմանք արտահայտելով, թե ինչպես, ասենք, վերջին 7 ամսվա ընթացքում ընդամենը 400 հազար դոլարի ֆինանսավորում ստացած ցանցը կարողացել է շուրջօրյա հոսանքամատակարարում ապահովել։

Զավրաժնովը ձեռնպահ մնաց ապագա ներդրումների վերաբերյալ կոնկրետ թվեր մատնանշելուց: Նրա խոսքերով, Էներգետիկայի ինստիտուտի փորձագետների նշած 150-180 միլիոն դոլարի ներդրումային առաջարկները դեռեւս պետք է ուսումնասիրվեն: Առաջին հերթին կմարվեն ցանցի աշխատակիցների աշխատավարձի, ինչպես նաեւ կենսաթոշակային հիմնադրամի, պետական բյուջեի եւ մասնավոր բանկերի պարտքերը՝ ընդհանուր առմամբ 25 միլիոն դոլար։

«Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ը համատեղ նեդրումներ ունի հայաստանյան «Մաքս-ֆրուտ» ընկերության հետ՝ գյուղատնտեսության բնագավառում: Հենց այս ներդրումների դրական փորձից ելնելով էլ կայացվել է բաշխիչ ցանցերը գնելու որոշումը:

«Մենք հանգել ենք հետեւության, որ այստեղի բիզնես միջավայրը, տնտեսական օրենսդրությունը, առաջին հերթին վալյուտային օրենսդրությունը թույլ են տալիս ներդրողներին այստեղ բավականաչափ վստահ զգալ», - ասաց Անդրեյ Զավրաժնովը։ Նա համոզված է, որ ցանցերը շահույթով աշխատեցնելու մեծ ռեզերվներ կան, առաջին հերթին՝ բոլոր նորմերը գերազանցող կորուստների ու գողության կրճատման հաշվին։ «Մեզ լրիվ հայտնի են այն մեթոդներն ու ուղիները, որոնցով փողերը կորզվում են ցանցերի ֆինանսական համակարգից», - ասաց նա: - «Մեզ հայտնի են տեսուչների անուններն ու հասցեները, որոնք տրամադրվել են էներգետիկայի ինստիտուտի ուսումնասիրությունների հիման վրա»: Նա հայտարարեց, թե փակելու են գողության բոլոր ճանապարհները։ Իսկ տնտեսված գումարները կուղղվեն ցանցերի տեխնիկական վերազինմանը ու արդիականացմանը:

Անդրադառնալով ցանցերի աշխատակազմին վերաբերող հարցին, բաշխիչ ցանցերի ապագա գլխավոր գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ասաց. - «Խոսքը ոչ թե հաստիքների կրճատման, այլ, ես կասեի, ընկերության վերակազմավորման մասին է: Մենք չմտածված ձեւով մարդանց աշխատանքից չենք ազատի»։

Քաղաքական ընդդիմության ելույթները ցանցերի վաճառքի առնչությամբ էլեկտրացանցի նոր տերերին չեն վախեցնում: Նրանք ընդդիմադիր գործիչներից, սակայն, մի խնդրանք ունեն՝ ժամանակին վճարել սպառած հոսանքի վարձը։

Ընդդիմադիրները, մինչդեռ, այսօր կլոր սեղան էին հրավիրել էլցանցերի վաճառքի կապակցությամբ: Կառավարությունից, էներգետիկայի նախարարությունից, էներգետիկ հանձնաժողովից հրավիրվածները, սակայն, չէին եկել:

Հավաքվածներն, այդուհանդերձ, ընդունեցին բանաձեւվ, որով Ազգային ժողովի պատգամավորներին կոչ են անում դիմել Սահմանադրական դատարան՝ գործարքը չեղյալ համարելու պահանջով:


Ատոմ Մարգարյան, Էմիլ Դանիելյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG