Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Իրավունք» թերթի, վերջերս Ռոբերտ Քոչարյանի մոտ եղել է խորհրդակցություն՝ իրեն առավելագույնս մտերիմ օլիգարխների, ինչպես նաեւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետների մասնակցությամբ. «Եկել են եզրակցության, որ Ռոբերտ Քոչարյանին անհնար է նախագահ դարձնել որեւէ քաղաքական տեխնոլոգիայի կամ հասարակական կարծիքի վրա ներազդելու որեւէ եղանակի օգնությամբ, ու մնում է միայն ամբողջ հզորությամբ օգտագործել վարչական եւ ուժային լծակները: Արդյունքում քաղաքական որոշում է ընդունվել, որ նախագահական ընտրություններում պետք է բացառվի երկրորդ փուլը:

«Իրավունք»-ը տեղեկացնում է նաեւ, թե Հանրապետական կուսակցությունը արդեն կազմել է այն մարդկանց ցուցակը, ովքեր պետք է ընտրվեն հանրապետության 56 մեծամասնական ընտրատարածքներում. «Այն բաղկացած է ՀՀԿ ներկայացուցիչներից, Դաշնակցականներից, «Օրինաց երկիր» կուսակցության անդամներից, օլիգարխներից եւ թաղային հեղինակություններից: Հանրապետականները անձեռնմխելի են թողել միայն Երեւանի կենտրոնում գտնվող երկու ընտրատարածք, որտեղ ավանդաբար քվեարկվում են Արշակ Սադոյանն ու Շավարշ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, ավարտվող շաբաթվա ամփոփման մեջ «Իրավունք»-ի մեկնաբանը, մի շարք դրսեւորումներ վկայակոչելով, նախանշում է. «Մեծամասնական ընտրատարածքների եւ համամասնական տոկոսներ նկարելու շուրջ դեռ բախումներ կլինեն վարչապետի եւ նախագահի միջեւ: Ընդդիմության մանեւրելու դաշտը բավականին լայն է, իսկ իշխանությունը այդ առումով ավելի սահմանափակ հնարավորություններ ունի եւ այլ ելք չի ունենալու, քան առանց միջոցների խտրության պայքարել նախագահական հաջորդ ժամկետի համար»: Իրավիճակը, ըստ մեկնաբանի, պարունակում է ինչպես 1996-ի, այնպես էլ 1998-ի իրավիճակների տարրեր. առկա է իշխանափոխության նույնքան հզոր հասարակական պատվեր, ինչքան դա առկա էր 1996-ին, իսկ ներիշխանական հարաբերություններում 1998-ի փետրվարին նախորդող ժամանակահատվածի բազմաթիվ տարրերի կրկնություն կա:

«Հայոց Աշխարհ» եւ «Ազգ» թերթերի անդրադարձերում հավաստիացվում է. «16-ի միավորման առաջնորդները հասկանում են, որ իրենց առջեւ դրվող ինչպես թիվ 1 խնդիրը՝ միասնական թեկնածուի ընտրության հարցը, այնպես էլ թիվ 2 խնդիրը՝ միասնական նախընտրական ծրագրի մշակումը, ուղղակի անլուծելի են» («Հայոց Աշխարհ»), «Նոր ձեւավորված միավորումը շատ կողմերով ինքնանպատակ է եւ միայն ու միայն միասնականության իմիտացիա ստեղծելու միջոց» («Ազգ»): Նույնատիպ մատուցման շրջանակում «Երկիր» թերթը նաեւ ընդգծում է՝ ի տարբերություն 1996 թվականի, այսօր չկա հասարակության կողմից քաղաքական ուժերին ուղղված պատվեր՝ հանդես գալ միասնական թեկնածուով:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի վերլուծությամբ, որ ներկայացված է «Առավոտ»-ում, առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գինը շատ բարձր է, որովհետեւ դա փորձաքար է լինելու մյուս բոլոր ընտրությունների համար, եւ այդ իմաստով նոր հարցադրումներ են առաջանալու՝ հակասություններ իշխանական բուրգի ներսում, ինչը մեծ լարումներ է առաջացնելու. «Ակնհայտ երեւալու են նախագահի, պաշտպանության նախարարի, վարչապետի ուղղվածության, նաեւ, այսպես կոչված, օլիգարխների թեւերը՝ տարբեր կոնֆիգուրացիաներով: Ըստ իս, այստեղ նվազագույնը 4 տիպի, այդ թվում նաեւ՝ կուսակցությունների. ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», շահեր են բախվելու: Այսինքն՝ առաջիկա ընտրությունների, նաեւ՝ արտահերթ նիստեր, նստաշրջաններ հրավիրելու ֆոնի վրա լուրջ լարվածություններ կարող են լինել, որի պարագայում ընդդիմությունը մի կարեւոր քայլ պետք է կատարի՝ ժողովրդին քաղաքականությանը մասնակից դարձնել, դարձնել գործոն: Եթե դա ընդդիմությանը հաջողվի, նրա գործոնն ու կշիռն էլ կմեծանա»:

«Առավոտ»-ի խմբագրականի շեշտադրմամբ, առայժմ չի երեւում, թե ինչումն են Քոչարյանի եւ 16 ընդդիմադիր կուսակցությունների զուտ քաղաքական տարաձայնությունները: Այդ միավորումից որեւէ մեկը կհամարձակվի՞ հայտարարել, որ Ղարաբաղի հարցում չի կարելի ղեկավարվել «ոչ մի թիզ թշնամուն» ամբոխահաճ կարգախոսով: Այս տեսանկյունից, «Առավոտ»-ի հայացքով, եթե չլինի «ներկաներ-նախկիններ» դիմակայությունը, ապա առաջիկա ընտրարշավում կբացակայի քաղաքական տարրը: Եթե ե'ւ Քոչարյանը, ե'ւ ընդդիմադիր 16-ը «ազգային ուժեր» ձեւակերպման շրջանակում են, այդ դեպքում պարզ չէ, թե ինչու են այդ ընդդիմադիրները ուզում փոխարինել Քոչարյանին:

Հիշյալ «16»-ից պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «16»-ի շրջանակում չկան կուսակցություններ, որոնք հակված են ՀՀՇ-ի հետ համագործակցության: «16»-ի հիմքում ընկած է հետեւյալ գաղափարը: Այն Հայաստանը, որը կայանում է, մեր պատկերացրած Հայաստանը չէ: Այդպիսի համակարգը ձեռնտու չէ ո'չ ժողորդին, ո'չ աջերին, ո'չ ձախերին: Այն ձեռնտու է միայն իշխանության վայելքները ապօրինի ձեւով վայելողներին: Այդ հակաժողովրդական ռեժիմի ճարտարապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ ՀՀՇ-ն, իսկ վայելողը Ռոբերտ Քոչարյանը: Եվ ծիծաղելի կլիներ կարծել, որ «16»-ը պետք է նպատակ ունենա վայելողից ազատվել՝ ճարտարապետի համար ճանապարհ բացելու համար: Անընդհատ արհեստականորեն խոսվում է աջերի ու ձախերի մասին, իբր Հայաստանի խնդիրը դրանում է՝ իշխանությունն ա՞ջ է, թե՞ ձախ: Հայաստանը ո'չ աջ է, ո'չ ձախ: Հայաստանը ոչ իրավական, ոչ ժողովրդավարական պետություն է, եւ դա է մեր պրոբլեմների արմատը», - ընդգծում է Շավարշ Քոչարյանը: - «Հայաստանը թալանվում է, եւ ժողովրդի համար ի՞նչ տարբերություն՝ ա՞ջ ձեռքով են թալանում, թե՞ ձախ... Եթե խոսում ենք ընդհանուր ծրագրի մասին, ապա, այո', աջերն ու ձախերը կարող են ունենալ ընդհանուր ծրագիր, որի հիմքը համակարգային բարեփոխումներն են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG