Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները կրկին ժամանելու են տարածաշրջան


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեցին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 23-ին կրկին ժամանելու են տարածաշրջան: Ամերիկացի Ռուդոլֆ Փերինային, ֆրանսիացի Ուգո Պերնեին եւ ռուսաստանցի Նիկոլայ Գրիբկովին ավանդաբար ուղեկցելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Համանախագահների շրջայցը կտեւի մինչեւ սեպտեմբերի 27-ը: Նրանք լինելու են Երեւանում, հետո գնալու են Ստեփանակերտ, այնուհետեւ Երեւանով մեկնելու են Բաքու՝ հանդիպումներ ունենալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի պաշտոնյաների հետ: Սահմանային գծի հատում ասյ անգամ չի լինելու:

Մասնագետները փաստում են, սակայն, որ սկսվել է մի ժամանակաշրջան, երբ միջնորդների ջանքերը օբյեկտիվ պատճառով չեն կարող էական արդյունք տալ: Բրիտանական «Էկոնոմիստ»-ի հետազոտական խումբը, որը պարբերաբար ուսումնասիրություններ է հրապարակում տարբեր երկրների վերաբերյալ, Ադրբեջանին նվիրված վերջին զեկույցում եզրակացրել է, թե «չի ակնկալում, որ Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճը հանգուցալուծվի 2002-2003 թվականներին»: Բրիտանացի փորձագետները փաստում են, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող անհանդուրժողական վերաբերմունքը առանցքային հարցերում զիջումների նկատմամբ կանխելու է որեւէ կարգի համաձայնության ձեռքբերումը:

Շատ քաղաքական գործիչներ կիսում են անգլիացի մասնագետների այս կարծիքը: Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադեն, օրինակ, «Զերկալո» թերթի այսօրվա համարում գրում է. - «Շատ դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա հայ ժողովրդի առջեւ եւ հաջորդ տարվա փետրվարին կայանալիք ընտրություններից առաջ ասի, որ հայերը պետք է համակերպվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Մյուս կողմից, Հեյդար Ալիեւն էլ չի կարող դուրս գալ փողոց հերթական ընտրությունների նախաշեմին եւ ասել՝ ես շատ հզոր եմ, խելոք եմ, բայց գնացքը մեկնել է եւ Ղարաբաղը մնում է հայերին»:

Իրոք, միջնորդները բազմիցս փաստել են, որ իրենք չեն կարող լուծում պարտադրել, եւ որ լեզու պետք է գտնեն առաջին հերթին նախագահները, իսկ այժմ թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում մի ժամանակաշրջան է սկսվել, երբ փոխզիջում անելու պատրաստակամության նշույլն իսկ կարող է շատ թանկ նստել, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահական աթոռի գին ունենալ:

Այնուամենայնիվ, աշնանը Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը հանդիպելու առիթ կունենան: Նրանց հաջորդ հանդիպումը սպասվում է Քիշնեւում. Հայաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը մտադիր են հանդիպել հոկտեմբերին Մոլդովայում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովում:




Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG