Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, 16 կուսակցությունների միավորման հիմնական խնդիրներից մեկի՝ նախագահի միասնական թեկնածուին որոշելու բարդությունն այն է, որ այս միավորման մեջ ներգրավված կուսակցություններից առնվազն հինգի լիդերները հայտարարել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին: Վիճակն ավելի է բարդացնում այն, որ այդ թեկնածություններից առնվազն չորսին հարկավոր է լուրջ մոտենալ: Ամեն ինչ շատ ավելի պարզ կլիներ, եթե թեկնածուներից յուրաքանչյուրը միավորման կազմում ընդգրկվելուց առաջ հայտարարեր, թե ինքը հնարավոր համարում է, որ միասնական թեկնածու կարող է լինել մեկ ուրիշը: Բայց իրադարձությունները կարծես թե ցույց են տալիս, որ այդ թեկնածուներից յուրաքանչյուրը համագործակցության կազմում ընդգրկվելով՝ թաքուն հույս է փայփայում, որ միասնական թեկնածուն հենց ինքն է լինելու: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն այդ ստատուսի ակնհայտ հավակնորդներին: «Հայկական ժամանակ»-ը լարվածությունը թոթափելու եւ մթնոլորտն ավելի աշխատանքային դարձնելու մեկ ձեւ է տեսնում՝ «պոտենցիալ թեկնածուներից յուրաքանչյուրը հայտարարի, թե ինքը պատրաստ է չլինել միասնական թեկնածու, եթե այդպես որոշի միասնական ճակատը»: Նման պատասխան ստանալու ակնկալիքով «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը արդեն դիմել է Արտաշես Գեղամյանին, Ստեփան Դեմիրճյանին եւ Վազգեն Մանուկյանին: Նրանցից ոչ ոք առայժմ չի արտասանել «կախարդական խոսքը»: «Այսպիսով, շատերն են պատրաստ լինել միասնական թեկնածու, ու ոչ ոք պատրաստ չէ միասնական թեկնածու չլինել», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթի հայացքով, մոտակա ամիսների ընթացքում միասնական թեկնածուի անձի վերաբերյալ կոնկրետ որոշում չի կայացվի: 16-ի միավորումը առանց միասնական թեկնածուի, բայց միասնաբար կսկսի ակտիվ գործողությունները եւ ամեն ինչ կանի ընտրություններից առաջ իշխանության դիրքերը թուլացնելու ու խարխլելու համար: Իսկ ամենավերջում, երբ կսկսվի նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրման գործընթացը, միավորումը, համաձայնության չգալով միասնական թեկնածուի անձի շուրջ, կպառակտվի՝ տրոհվելով 2-3 «միասնական թեկնածուների» շուրջ համախմբված դաշինքների, որոնք առանձին-առանձին կգնան ընտրությունների: Ճիշտ է՝ միմյանց երաշխիքներ տալով երկրորդ փուլ անցած թեկնածուին անվերապահորեն աջակցելու մասին: «Ափսոս միայն, որ Ռոբերտ Քոչարյանը կհաղթի հենց առաջին փուլում», - հեգնանքով եզրափակել է «Հայոց Աշխարհ»-ը:

«Հաշվի առնելով բոլոր կուսակցությունների միասնական ներուժը եւ ռեսուրսները, կարելի է ասել, որ նախագահ Քոչարյանին բավականին լուրջ մրցակցություն է սպասում: Եթե այս միավորումը գոյատեւի մինչեւ փետրվար, ապա իշխանափոխությունը բավականին ռեալ է գնահատվում», - հաշվարկում է «Օր» թերթի մեկնաբանը: - «Սրան գումարվում են նաեւ իշխանական ճամբարում տեղ գտած հակասությունները, որոնք ակնհայտորեն դրսեւորվեցին Հայաստանի համայնքների համագումարի ժամանակ... Այս թեւի կուսակցություններից մի քանիսը ուղղակի թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ եւ չեն պատրաստվում զիջումների գնալ հանուն համագործակցության՝ նույնիսկ իշխանությունում մնալու համար»: Այս առումով մրցությունը կարծես ընթանալու է այն դաշտում, թե ով որքանով կկարողանա քիչ ինքնաքայքայվել, եւ մեկնաբանի հայացքով, գուցե արժեր, որ ընդդիմությունը սպասեր հոկտեմբերյան ընտրություններում իշխանական ուժերի ավելի մեծ խժդժություններին, նման լայն ֆորմատ ունեցող միավորում ստեղծեր միայն փետրվարին եւ միանգամից գնար ու գրավեր նախագահի աթոռը»:

«Անցած շաբաթվա ընթացքում պաշտոնական քարոզչությունը ջանքեր էր գործադրում հարթելու Հայաստանի համայնքների միության արտահերթ համագումարում տեղի ունեցածը», - անդրադառնում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Բացատրելի ճիգեր էին, քանզի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իշխանամերձ աղբյուրների վկայությամբ՝ խիստ զայրացել էր, որ վարչապետի եւ կառավարության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հնչեց հենց իր ներկայությամբ՝ մի առանձին կշիռ հաղորդելով կատարվածին»: Մեկնաբանի դիտարկմամբ՝ «սրանից առանձնապես չի բխում, թե այդ ամենը պրն Քոչարյանի սրտով չէր: Ուղղակի վտանգավոր է ժամանակից շուտ խաղաքարտերը բացահայտելը եւ ակնհայտ ցուցադրելը, որ իբրեւ իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ի օրերը հաշված են... Ընտրությունների շեմին կառավարությանը բացահայտ ասել, թե փետրվարի 19-ից հետո այն նույն կազմով այլեւս չի գործելու, նշանակում է՝ ուղղակի հրահանգել, որ կառավարությունը կամ աշխատի, որ չընտրվի Ռոբերտ Քոչարյանը, կամ, լավագույն դեպքում, նրա վերընտրության հարցում մատնվի անգործության»:

«Ամենադժվարը հայ լրագրողի գործն է», - շեշտվում է այսօր «Օրրան» թերթում: - «Այս երկրում, ու արդեն վաղուց, որեւէ, ոչ միայն շինիչ, այլեւ ընդհանրապես նոր բան չի կատարվում: Իսկ հնի ու կատարվածի գնահատականներն էլ վաղուց ու բազմիցս տրվել են: Հնարավոր բոլոր ձեւերով ու ոճերով... Զարգացումների ինչ կանխատեսումներ անես, երբ մեզանում «համախոհ» լինում են ոչ թե գաղափարակիցները, այլ նրանք, ում դա հանձնարարվում է: «Սատարում են» նրանք, ովքեր ոչ թե համոզված են սատարվողի ճշմարտացիության կամ առաքինությունների մեջ, այլ նրանք, ում առնում են: Կամ վախեցնում են: «Ընտրվում են» նրանք, ում նշանակում են: «Հարստանում են» նրանք, ովքեր ոչ թե խորամիտ գործարարներ են, այլ մուծվող: «Հանցագործ են» նրանք, ովքեր զրկվել են «տերերի» բարեհաճությունից: «Քաղաքական լուրջ գործիչները» նրանք են, ովքեր ոչ թե միտք, այլ կապեր ունեն: Եվ իրենքական են», - շարադրում է «Օրրան»-ը: Դե, եկ լրագրող ու այս վիճակի մեջ տրամաբանիր:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG