Մատչելիության հղումներ

Հայաստանի մասին զեկույցը Եվրախորհուրդը կքննարկի սեպտեմբերի 26-ին


Լյուքսեմբուրգում այսօր կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը հաստատեց սեպտեմբերի 23-ին սկսվող խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգը, որում տեղ գտավ նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիտորինգի արդյունքները ներկայացնող զեկույցի քննարկումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով տեղեկացրեց նիստին մասնակցած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, մինչ այդ՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի հարցով համազեկուցող Իրենա Բելահորսկան զեկույցի նախնական տարբերակը կներկայացնի մոնիտորինգի հանձնաժողովի՝ Փարիզում կայանալիք նիստում:

Երեկ եւ այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերի ընթացքում Հովհաննիսյանը հանդիպել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերի, Արցախի հարցով զեկուցող Թերի Դեւիսի հետ եւ քննարկել է Հայաստանին վերաբերող զեկույցի որոշ մանրամասներ:

«Հիմնական բարդությունը, որ մեր առջեւ ծառացել է, դա 6-րդ արձանագրության վավերացումն է», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ստանձնած պարտավորությամբ, Հայաստանը մինչեւ 2002 թվականի հունվարը պետք է վավերացրած լիներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որը մահապատիժը թույլատրում է միայն պատերազմի սպառնալիքի կամ դրա ժամանակ կատարված ծանր հանցագործության դեպքում: Իսկ Հայաստանում ինչպես օրենսդիրների մեծամասնությունը, այնպես էլ հասարակական կարծիքը հակված է վերապահումներ թողնել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ:

Զուգահեռաբար ե'ւ Փարիզում. ե'ւ Ստրասբուրգում քննարկվելու է նաեւ Ադրբեջանի մասին զեկույցը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG