Մատչելիության հղումներ




Ժողովրդահայրենասիրական միավորում կազմած 16 կուսակցությունների ղեկավարները չորեքշաբթի հրավիրած միասնական ասուլիսում հստակեցրին, որ միավորման վերջնական նպատակը՝ թե ինչպիսի Հայաստան են ուզում կառուցել, կձեւավորվի նախընտրական միասնական ծրագրում:

Իր պատկերացրած Հայաստանը կառուցելու համար միավորումը կենսական անհրաժեշտություն է համարում իշխանափոխությունը, որը հաջողելու դեպքում՝ միասնական պատասխանատվության ստանձնումը:

Այդ նպատակին հասնելու համար, սկսած տեղական ընտրություններից, միավորումը միասնական քաղաքական գործողություններ է մշակելու եւ իրականացնելու: Այն փորձելու է նախագահի ընտրությունների ընթացքում դաշինքի վերաճել եւ ընտրությունների գնալ միասնական թեկնածուով:

Տեղական ընտրությունների միավորումը կգնա համաձայնեցված մասնակցությամբ, անհրաժեշտության դեպքում համատեղ ցույցեր ու հանրահավաքներ կկազմակերպվեն: Միավորումն ունի իր խորհուրդը եւ կանոնակարգը:

Հարցին, թե նախընտրական պայքարի համար միավորելո՞ւ են արդյոք ֆինանսական միջոցները, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը ասաց, թե սա գաղափարների, ծրագրերի, գործիչների, կուսակցությունների միավորման գործընթաց է, որում ֆինանսական գործոնը տասներորդական տեղ ունի:

Միավորման մեջ աջ եւ ձախ ուղղվածության կուսակցությունների առկայությունը, ըստ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանի, չի կարող խոչընդոտ հանդիսանալ միասնական ծրագրի գաղափարի իրականացման ճանապարհին, քանի որ մի շարք հարցերի շուրջ մոտեցումները նույնն են:

ԱԺԴ (Ազգային ժողովրդավարների դաշինք) նախագահ Արշակ Սադոյանն ասաց, թե անցումային շրջանի միասնական նախագահի խնդիր է դրված, ուստի աշխատում են հաղթահարել տարանջատող խնդիրները՝ «փրկելու համար երկիրը, փոսից դուրս հանելու համար այս երկիրը»:

Սրան չհամաձայնեց ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը: «Մենք միշտ էլ ինչ֊-որ փոսերի մեջ կլինենք», - ասաց նա: - «Մենք ուղին ենք ուզում փոխել»:

Մանուկյանի խոսքերով, միավորված կուսակցություններից յուրաքանչյուրն «իր փիլիսոփայական մոտեցումն ունի Հայաստանի ապագայի նկատմամբ», որոշ հարցերում, սակայն, կարելի է գնալ կոմպրոմիսի, եւ այդ դեպքում հնարավոր կլինի «ընդհանուր թեկնածուով, ընդհանուր ծրագրով գնալ»:

Ալբերտ Բազեյանը ակնարկեց, թե հնարավոր է նախագահի ընտրության առաջին փուլում միավորված կուսակցություններից մի քանիսը գնան իրենց թեկնածուներով: Դա, նրա խոսքերով, «ներքին, տակտիկական խնդիր է»:

Ըստ ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանի, միասնական թեկնածու ընտրելիս հաշվի են առնելու բոլոր գործոնները: Ասուլիսի մասնակիցներից շատերի պնդմամբ, ի տարբերություն իշխանական ճամբարի, 16-ի միավորումը ընտրության լայն հնարավորություն ունի:

«Այստեղ ունենք մեծ ընտրություն, քանի որ գործող նախագահը մի շարք չափանիշներով չի համապատասխանում», - ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն ղեկավար Մանուկ Գասպարյանը: - «16 կուսակցությունների մեջ առնվազն 7-8 թեկնածուներ կան, որ մի քանի անգամ գերազանցում են»:

Արդյո՞ք միավորումն իր ուսերին ասպարեզ չի բերելու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ալբերտ Բազեյանն ասաց, թե միավորումը նպատակ ունի առաջին հերթին իր շրջանակներից առաջ քաշել միասնական թեկնածու: Իսկ Շավարշ Քոչարյանն ավելացրեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ռեժիմի ճարտարապետն է, Ռոբերտ Քոչարյանը՝ վայելողը: Մենք չենք գտնում, թե որեւէ հեռանկար ունի երկրի համար վայելողին հեռացնելը եւ ճարտարապետին բերելը»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG