Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը քիչ հավանական է համարում նորաստեղծ միավորման՝ դաշինքի վերաճելը





Ըստ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միության) նախագահ Վազգեն Մանուկյանի, նորաստեղծ ժողովրդահայրենասիրական միավորման՝ դաշինքի կվերածվելու հնարավորությունը, «բարի ցանկություն է, լավ կլինի այդպես լինի»: «Քիչ հավանական եմ համարում, որ վերջում լինի սա մեկ դաշինք, մեկ ծրագիր, մեկ թեկնածու», - ավելացրեց, այդուհանդերձ, Մանուկյանը:

«Հասարակությանն առաջ տանող գաղափար պետք է ունենա դաշինքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում շարունակեց նա՝ ավելացնելով, թե հավաքված կուսակցություններն այդ տեսակետից «տարբեր գաղափարների շուրջ են համախմբված»: Ուստի, ըստ նրա, քիչ հավանական է, որ այս կուսակցությունները «գան ինչ-որ կոմպրոմիսի մի ինչ-որ ծրագրի շուրջ»: - «Եվ եթե գան, դա կնշանակի, որ կուսակցություններից մեկը-երկուսը սկզբունքային կերպով խզել են իրենց ուղղվածությունը»:

Իսկ միավորման հայտարարությունը ստորագրելը ԱԺՄ-ի առաջնորդը բացատրեց միասնական ծրագրի, միասնական թեկնածուի շուրջ բանակցությունների անհրաժեշտությամբ: «Եվ մի դրական բան ես տեսնում եմ՝ այս փուլում ընդդիմադիր ուժերով իրար հետ խորհրդակցելը, որոշ գործողություններ անելը ես համարում եմ շատ դրական», - ասաց նա:

Մանուկյանը հրաժարվեց պատասխանել նորաստեղծ միավորման կողմից նախագահի հավանական թեկնածուներին վերաբերող հարցերին: Նա, այդուհանդերձ, բացառեց, որ ԱԺՄ-ն պաշտպանի կոմունիստ թեկնածուին՝ եթե, ենթադրենք, ժողովրդահայրենասիրական ուժերը համաձայնության գան նման թեկնածության շուրջ:

«Հարգանքով վերաբերվելով կոմունիստական կուսակցության ծրագրերին, եւ իրենց անհատներին, կողմնակից չենք լինի պաշտպանել որպես միասնական թեկնածու», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա կարծիքով, միասնական թեկնածուն պիտի որոշվի «հասարակության պահանջով», եւ ոչ թե «իրար հետ խոսելով»: Անդրադառնալով միասնական ծրագրին, Մանուկյանը ասաց. - «Ես կողմնակից չեմ, որ դաշինքը լինի մի ուժ, որի նպատակն է Ռոբերտ Քոչարյանին գցելը»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների՝ տեղական ընտրությունները պակաս արժեվորելու փորձին, Մանուկյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանում ընտրազանգվածն ինքը դրանք քաղաքականցված կամ գաղափարական չի դիտում, մուս կողմից, ի տարբերություն նախորդ տեղական ընտրությունների, ԱԺՄ֊ն այս անգամ ավելի ակտիվ է նախապատրաստվում:

Տարբեր ընտրությունների ժամանակ, Մանուկյանի խոսքերով, կեղծիքների տարբեր ձեւեր են լինում, եւ տեղական ընտրություններից սկսած՝ ընտրական հանձնաժողովներում իրենց կուսակցության անդամների միջոցով ԱԺՄ-ականները, «ինչպես միշտ, պայքարելու են արդար եւ ազատ ընտրություների համար»:

Մանուկյանի կարծիքով առաջիկա համազգային ընտրություններում ամենահրապուրիչը ընտրազանգվածի համար սոցիալական գաղափարները կլինեն: «Հրապուրիչ են սոցիալական հարցերը: Բայց, ժողովուրդն էլ հիմար չի, ժողովուրդը հասկանում է, որ կան խոստումներ, որոնք հնարավոր չէ կատարել», - ասաց նա, ավելացնելով. - «Բայց կա եւ չգիտակցված մի բան. մարդիկ ուզում են ապագան տեսնել, երկրի նպատակը, այդպիսի ծրագրեր ո'չ իշխանությունները, ո'չ էլ նրանց քննադատող ընդդիմությունը չեն առաջարկում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG