Մատչելիության հղումներ

Բաշխվել է 400 հազար կարատ ադամանդի մշակման իրավունքը


Օգոստոս ամսին Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը ադամանդագործական 59 ձեռնարկության միջեւ բաշխել է ռուսաստանյան 400 հազար կարատ ադամանդ մշակելու իրավունքը: Այդքան է այս տարի միջկառավարական համաձայնագրով Ռուսաստանը բաժին հանել Հայաստանին:

Համաձայնագիրը, «Դի-Սի-Էյ» ձեռնարկության ղեկավար Գագիկ Աբրահամյանի փոխանցմամբ, կնքվել է 5 տարի ժամկետով: «Առաջին երեք տարիների համար համաձայնագիրը նախատեսում է 400 հազարական կարատ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբրահամյանը: - «Վերջին երկու տարվա համար՝ 450 հազարական կարատ»:

Նախկինում համաձայնագրերը կնքվել են միայն մեկ տարվա համար, իսկ ամենամեծ ծավալի քվոտան եղել է 2001 թվականին՝ 300 հազար կարատ: Այժմ, երբ մի քանի տարվա համար առկա են երաշխավորված քանակություններ, ըստ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, աստիճանաբար «սկսում են սերտաճել ադամանդագործների եւ ոսկերիչների գործառույթները»:

Երեւանի ոսկերչական գործարանը ադամանդագործական արտադրություն է բացել, իսկ ադամանդագործական առաջին մասնավոր ձեռնարկությունը՝ «Դի-Սի-Էյ»-ը օտարերկրյա ներդրումով ոսկերչական արատադրություն է ձեռնարկել: «Նման բան աշխարհում շատ քիչ կա», - ասաց ձեռնարկության ղեկավար Գագիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ դա հնարավորություն է տալիս ադամանդագործական շուկայում ճգնաժամերի դեպքում, թանկարժեք քարերն օգտագործել ոսկերչական արտադության մեջ եւ առավել դյուրությամբ հաղթահարել դժվարությունները:

Հայաստանյան ադամանդագործական ընկերությունների մեծամասնությունը երկրի ներսում օգտագործում է միայն մասնագիտական աշխատուժը՝ ներկրում է չմշակված քարեր, տեղում մշակում դրանք եւ արտահանում արտադրանքը՝ վաճառելով դրսում: «Դի-Սի-Էյ»-ը այսօր եզակիներից է, որ իր վերամշակած ադամանդների վաճառքն իրականացնում է Հայաստանից, այսինքն՝ գնորդն է գալիս նրա մոտ:

«Ադամանդագործական արտադրանքի ծավալը ընդհանուր արտահանման մեջ մոտավորապես 35-40 տոկոսի շրջակայքում է տատանվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ճշմարիտյանը արձանագրեց, թե Հայաստանին վերապահված ռուսական 400 հազար կարատը մեր պահանջարկի ընդամենը 20 տոկոսն է: Հանրապետություն մտնող մնացած 70-80 տոկոս հումքը ձեռնարկությունները ձեռք են բերում իրենց ավանդական կապերով: Ընդ որում, նախարարի վկայությամբ, Հայաստան բերվող պատվերների ծավալները տարեցտարի մեծանում են:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG