Մատչելիության հղումներ

Բացվեց Գյումրիի երրորդ միջազգային Բիենալեն


Գյումրիի Ժողովրդական արվեստի եւ կենցաղի թանգարանում շաբաթ օրը տեղի ունեցավ երրորդ միջազգային Բիենալեի հանդիսավոր բացումը: Ժամանակակից արվեստի այս արդեն ավանդական դարձող փառատոնին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ երկրներ ներկայացնող շուրջ 40 արվեստագետներ:

Բացման արարողությանը ներկա էին մարզի ղեկավարները, Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ: «Շատ մեծ նշանակություն եմ տալիս այս իրադարձությանը այն առումով, որ տեղի է ունենում Գյումրիում», - ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը: - «Գյումրեցի արվեստագետները մեծ հնարավորություններ են ստանում փորձի փոխանակման համար»:

Փառատոնի ժամանակացույցը հագեցած է. Ժողովրդական արվեստի եւ կենցաղի թանգարանում բացված է կերպարվեստի ցուցահանդես: Հայ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություների կողքին ցուցադրվում են ֆրանսիացի, անգլիացի, իտալացի, շվեյցարացի արվեստագետների գործերը:

Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Ցուցահանդեսներ կբացվեն եւ բազմաթիվ թատերականացված ներկայացումներ կազմակերպվեն նաեւ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, Գյումրիի արվեստների ակադեմիայում եւ այլուր:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG