Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա 48 տարին: Թե ինչպես է նա նշելու իր ծննդյան օրը, «Հայկական ժամանակ»-ը փորձել է պարզել նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից: Վերջինիս հավաստմամբ, Քոչարյանը սովորաբար իր տարեդարձերը նշում է ընտանիքի հետ: Այս անգամ եւս նա չի պատրաստվում խախտել ավանդույթը: «Վստահ ենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հաջորդ ծննդյան օրը եւս կնշի նույն կարգավիճակով», - շնորհավորանքում շեշտում է «Հայոց Աշխարհ» թերթը: «Հայաստանի Հանրապետություն» թերթն էլ ընդգծել է. - «Ռոբերտ Քոչարյանը գիտե եւ կարողանում է զգալ, որ հասարակությանը երկրի տնտեսության ու քաղաքական համակարգի զարգացումն է անհրաժեշտ: Զգում է եւ կարողանում է դրան ուղղորդել պետության ջանքերը: Նախագահ Քոչարյանի համար սեփական երկիրը սեփական աչքերով ճանաչելը պարբերական ու կանոնավոր երեւույթ է, քանզի կա այդ գիտակցությունը, որովհետեւ սեփական հողի վրա ամուր կանգնելու իրավունքը, նաեւ այդ հողի մարդու հետ շփումը նրան թեկուզ մի փոքր սատարելը նրան հասկանալն է տալիս», - ձեւակերպված է խմբագրականում:

Մյուս կողմից, Երեւանի պետհամալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը, հիմնվելով հետազոտությունների վրա, մեր ընթացքում առանձնացնում է երկու հանգամանք. - «Ժողովուրդը խռոված է: Խռոված է իշխանություններից, կուսակցություններից, լիդերներից, բոլորից: Մարդիկ ասում են. «Դուք մեզ, մեր խնդիրներին տեր չեք կանգնում: Ընդունում եք լուծումներ, մեզ բանի տեղ չեք դնում... Ժողովուրդը փաստորեն օտարված է ներքաղաքական պայքարի գործընթացից, չի ընդունում իր շահերից դուրս մղվող քաղաքական պայքարը: Երկրորդ հանգամանքն այն է, որ ժողովուրդը սկսել է հասկանալ, թե, ըստ էության, ի՞նչ է ժողովրդավարությունը: Ու արդեն նաեւ սեփական իրավունքների համար պայքարի փոքր տարր էլ կա ժողովրդի տրամադրություններում: Հարցվողներն առաջին տեղերում նշել են զբաղվածության, կենսամակարդակի բարձրացման, աղքատության հաղթահարման խնդիրների լուծումը: Անգամ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը Արցախի հիմնահարցից առաջ է անցել», - ներկայիս առաջնահերթություններն է մատնանշում Լյուդմիլա Հարությունյանը: Նա ու նրա գլխավորած հետազոտական խումբը ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի վարկանիշին վերաբերող ուսումնասիրություն չեն անցկացրել եւ չեն էլ պատրաստվում անցկացնել. «Ամենամեծ վարկանիշը մարդկանց աչքերի արտահայտությունն է: Ես այդ վարկանիշին եմ վստահում: Մնացած վարկանիշերին չեմ հավատում, որովհետեւ գիտեմ, թե դրանք ինչպես են կազմվում»: «Եթե նախընտրական, այսպես ասած՝ «ռեյտինգ-հարցումների» վերաբերյալ նման կարծիք է արտահայտում ճանաչված սոցիոլոգը, ապա, հիրավի, մեկնաբանություններն ավելորդ են», - ամփոփված է «Հայոց Աշխարհ»-ում:

Տեսակետ կա, թե հաջորդ խորհրդարանում պատգամավորական տեղերն ու ուժերի հարաբերակցությունն արդեն որոշված է: Անդրադառնալով այս հարցին, Լյուդմիլա Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Ես դրան չեմ հավատում եւ չեմ էլ ուզում հավատալ... Եթե չափած-ձեւած է, ուրեմն որոշ մարդիկ հույս ունեն, թե Հայաստանում ժողովուրդ չկա, կամք չունի, չի ընտրելու: Եթե չափած-ձեւած է, նշանակում է այդ երկիրն ապագա չունի... Կարծում եմ, նման հայտարարություններ արվում են՝ հոգեբանական ճնշում գործադրելու համար, որպեսզի միավորվող ուժերը չհամախմբվեն: Մենք հավատում ենք, որ ինչքան էլ չափած-ձեւած լինի, ժողովուրդը այդ ամենը վերաձեւելու է»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ»-ի հարցազրույցում որպես ամենաէական առանձնացրել է. «Գաղափարները, ծրագրերը կարեւոր են, դրանց մասին կարելի է երկար խոսել, բայց.... քանի դեռ երկրում հաղթահարված չէ վստահության ճգնաժամը, եւ ժողովուրդը դուրս է մղված քաղաքականությունից, դատապարտված կլինի ցանկացած ծրագիր»: Այս առումով, սակայն, «Հայկական ժամանակ» թերթում փաստվում է. «Մինչ ընդդիմությունը նիրհում է, իշխանությունը առանց մարտի կվերցնի տեղական ինքնակառավարումը: Ընդդիմադիր կուսակցություններին թվում է, որ եթե իրենք տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածու չեն առաջադրում, ապա դրանով նախագահական ընտրություններում հաղթելու իրենց շանսերը մեծանում են»: Մասնավորապես, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը ձեւակերպել է. - «Մենք չենք ուզում ավելորդ ռեսուրսներ վատնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, մենք մեր ողջ պոտենցիալը պետք է կենտրոնացնենք եւ հաղթենք նախագահական ընտրություններում»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էլ դեռ անորոշ հնարավոր է համարում, որ «ստեղծված ժողովրդահայրենասիրական ուժերի միավորումը որոշի միասնական պաշտպանել ինչ-որ թեկնածություններ»: «Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանություններն առանց լուրջ դիմադրության տեղական ինքնակառավարման մարմիններում կանցկացնեն իրենց մարդկանց, ինչը ուղղակի տրամպլին է՝ դեպի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ», - ի մի է բերել «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Աբովյան» հեռուստաընկերության ղեկավարների հանդեպ բռնարարքների առիթով Աբովյանի քաղաքապետին հանդիպած «Օր» թերթի թղթակիցը, ներկայացնելով վերջինիս պահվածքը, վիրավորանքներով լի արտահայտությունները, «ամենաժողովրդավար մարդն եմ մոլորակի երեսին» կարգի ինքնաբնորոշումները, որպես շատ հրատապ կրկին այն հարցն է դնում, թե վերջապես ե՞րբ են մեր ղեկավարները պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց առաջ պարտադիր բժշկական քննության ենթարկվելու, մասնավորապես՝ նաեւ հոգեկան հավասարակշռության խնդիրը պարզելու նպատակով: Այս միջադեպի հեռանկարի առումով «Օր»-ում շեշտադրված է. «Հանրապետության նախագահը, մյուս ղեկավարները պետք է հստակ գիտակցեն եւ խստորեն բարձրացնեն մեղավորների պատասխանատվության հարցը, այլապես բացառված չեն նույնիսկ արյունալի սկանդալները հոկտեմբերին կայանալիք քաղաքապետերի ու թաղապետերի ընտրությունների ժամանակ»: «Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով էլ, «չարաբաստիկ նախընտրական տարում, այսպես կոչված չորրորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ նման բռնությունները եզակիությամբ չեն տառապի, հատկապես մայրաքաղաքից դուրս։ Թողտվությունն ու կամայականությունները վստահաբար շեշտված են լինելու մարզերում, որտեղ տեղական իշխանիկների վարքագիծը «պոռթկալու» հնարավորություններ է ստանալու։ Խոսքի ազատության իրավունքի նման ոտնահարմամբ ընտրությունների գնալն անիմաստ է, բայց կարծես թե իրավապահ եւ ոչ մի կառույցի դա չի մտահոգում։ Առաջ էլ չի մտահոգել, բայց գոնե այս ժամանակահատվածում մտահոգի...»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG