Մատչելիության հղումներ

Աբովյանի իրավապահները քննում են անկախ հեռուստաընկերությունում տեղի ունեցած միջադեպը





Օգոստոսի 24-ին «Աբովյան» հեռուստաընկերությունում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տեղի ներքին գործերի մարմինները քրեական գործ են հարուցել՝ հեռուստանկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի եւ միջադեպի մասնակից Նվեր Դավթյանի հայտարարությունների հիման վրա:

Արդեն հասարակական հնչեղություն ստացած եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրությունը գրաված միջադեպի կապակցությամբ՝ առաջին աղբյուրից դեպքի մասին տեղեկություններ ստանալու ու կողմերին լսելու նպատակով, երեկ հեռուստաընկերության աշխատակիցներին, ինչպես նաեւ Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանին են այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի տնօրեն, դեսպան Ռոյ Ռիվը: Եվրամիության անդամ երկրների դեսպանները առայժմ որեւէ հետեւություններ կամ եզրակացություն չեն արել: Չի բացառվում, որ անհրաժեշտություն դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

Ըստ «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի, օգոստոսի 24-ին ժամը 17-ի սահմաններում հեռուստախմբագրության գրասենյակ են ներխուժել 5 անձ, որոնցից մեկը՝ ոմն Նվեր Դավթյան, տնօրենից եւ հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանից տեսաերիզ է պահանջել: Տնօրենի աշխատասենյակում սկսված ծեծկռտուքը շարունակվել է նաեւ աշխատասենյակից դուրս: Ազնիվ Չիզմեչյանի վկայությամբ, Նվեր Դավթյանը, որը Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի հեռավոր ազգականն է, նախկինում՝ վարորդը, սպառնացել է եւ հարվածել է իր գլխին:

«Դրա հետեւում ես տեսնում եմ Կարո Իսրայելյանին եւ համոզված եմ դրանում, քանի որ նա բազմիցս փորձել է չթույլատրել իր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում նկարահանումներ կատարել, պահանջել է իրեն ներկայացնել տեսանյութերը հեռարձակվելուց առաջ», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Չիզմեչյանը:

Կարո Իսրայելյանը, սակայն, թե' Եվրամիության անդամ երկրների դեսպանների ներկայությամբ եւ թե' մամուլում կտրականապես հերքել է, թե որեւէ առնչություն ունի կատարվածի հետ:

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել «Գարդման» հասարարական կազմակերպությունը: Կազմակերպության Աբովյանի մասնաճյուղի նախագահ Բորիս Մալյանը դեպքից հետո ՆԳ բաժնում հանդիպել է Կարո Իսրայելյանին եւ այստեղ էլ ծեծկռտուք ու հայհոյախառն կռիվ է եղել, ինչի արդյունքում Բորիս Մալյանն արդեն երեք օր է կալանքի տակ է:

Այսօրվա ասուլիսում նշվեց, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» հասարարական կազմակերպությունը առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

«Մենք պետք է տեր կանգնենք խոսքի ազատության մեր իրավունքին, որովհետեւ ընտրությունների նախաշեմին եթե սա դառնա նախադեպ, մենք շատ դժվարությամբ կաշխատենք ընտրությունների ամբողջ ընթացքում», - ասաց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

«Ես չեմ ուզում շտապել տեսակետ հայտնելու առումով, քանի որ միջադեպով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները: Կա հանձնարարություն նաեւ մարզպետին, որպեսզի ճշտի եւ զեկուցի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը՝ խոստանալով երկուշաբթի օրը տրամադրել «օբյեկտիվ տեղեկատվություն»:

Քաղաքապետ Կարո Իսրայելյանի հարցը այդ տարվա հունիս եւ օգոստոս ամիսներին արդեն լսվել է Կոտայքի մարզի առաջին եւ հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ ատյանների դատարաններում: Իսրայելյանի դեմ հայց էին ներկայացրել «Գարդման» հասարակական ընկերության Աբովյանի մասնաճյուղի նախագահ Բորիս Մալյանը, գործարար Սպարտակ Մելիքյանը, Վարդան եւ Ռուզաննա Սարգսյանները: Քաղաքապետը նույն հեռուստաընկերության եթերից վերջիններիս հասցեին հրապարակավ վիրավորական խոսքեր է ուղղել: Երկու ատյաններում վճիռը կայացվել է՝ պահանջելով որ քաղաքապետը հրապարակավ ներողություն խնդրի, սակայն Իսրայելյանը բողոքարկել է վճռաբեկ դատարանին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG