Մատչելիության հղումներ

ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը քննադատում է տարկետման նոր կարգը


Կառավարության երեկվա նիստում հաստատված արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի քաղաքացիների զինծառայության ժամկետը տարկետելու կարգը, ըստ Ազգային Ժողովի կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի՝ «մեղմ ասած, լավագույնը չէ»:

Նոր կարգով սեփական նախաձեռնությամբ արտասահմանյան բուհեր ընդունված երիտասարդները պարտավոր են 15 հազար դոլարի գրավի պայմանագիր կնքել պետության հետ՝ գրավադրել այդ գումարին համարժեք անշարժ գույք, որը կարող է գրավազերծվել միայն սովորողի վերադարձի ու սահմանված կարգով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում։

Ազգային Ժողովի կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը ընդունում է, որ լուծման կարոտ խնդիրն առկա է. մի կողմից տաղանդավոր երիտասարդները սահմանադրական պարտականությունից խուսափելու հետեւանքով դասալիք են դառնում, մյուս կողմից՝ «որպես կանոն, մնում են արտասահմանում», ինչը խիստ մտահոգիչ է: Կառավարության գտած լուծումը, նրա խոսքերով, «մեղմ ասաց՝ լավագույնը չէ»:

«15 հազարը կլինի կաշառ երկրից հեռանալու համար», - շարունակեց Շավարշ Քոչարյանը: - «Իշխանությունը, կարծես թե, ոչ միայն հաշտվել է արտագաղթի հետ, այլ արտագաղթի վրա էլ փորձում է փող աշխատել»:

Սեփական նախաձեռնությամբ արտերկրում բուհ ընդունվածներին Շ. Քոչարյանը երկու կատեգորիայի է բաժանում: Առաջինը հարուստ ընտանիքների զավակներն են, ովքեր կարող են նման գրավի պայմանագիր կնքել, ինչը նորմալ է համարում: Մտահոգիչը, ըստ նրա, մյուս կատեգորիան է. ոչ ապահով ընտանիքներից տաղանադավոր երիրտասարդները, ում ուսման եւ ապրուստի ծախսերն, ի դեպ, հոգում են տարբեր հիմնադրամներ, մասնավոր ֆիրմաներ՝ հաշվի առնելով նրանց բացառիկ ունակությունները: Այդպիսի ընտանիքները, նրա խոսքերով, նման ուսման վարձի, ինչպես նաեւ 15 հազար դոլարի անշարժ գույք ունենալու մասին երազել միայն կարող են:

Արդեն քանի տարի է, որ տարբեր ինստիտուտներում ու ատյաններում փորձում են այս խնդրին լուծում գտնել. պետությունը բոլորովի՞ն հնարավորություն չունի խրախուսելու արտերկրում բարձրակարգ կրթությունը՝ միաժամանակ ապահովելով հետագայում նրանց վերադարձն էլ, սահմանադրական պարտականությունների կատարումն էլ՝ ասենք, պարտադիր զինծառայություն ունեցող Ռուսաստանի օրինակով, որի նախագահ Պուտինի հենց այսօր ստորագրած հրամանագրով կառավարությանը հանձնարարվել է բյուջեից 2 մլն դոլար հատկացնել արտերկրում սովորող ռուսաստանցիների համար: Շավարշ Քոչարյանը, ընդունելով, որ մեր երկիրը ի վիճակի չէ դրան, այդուհանդերձ, որպես տարբերակ առաջարկում է իրենց նախաձեռնությամբ արտասահմանում կրթություն ստացածներին պարտավորեցնել վերադառնալուց հետո որոշակի ժամկետի ընթացքում աշխատել պետական սեկտորում:

Հանրապետական զինկոմիասարիատը եւ զինվորական դատախազությունը հրաժարվեցին տվյալներ տրամադրել արտերկրում սովորող զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների մասին: Անհասանելի էին նաեւ պաշտպանության նախարարի եւ Ազգային Ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունները:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG