Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատել է արտասահմանում սովորող զինապարտներին տարկետում տրամադրելու կարգը





Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի քաղաքացիների զինծառայության ժամկետը տարկետելու կարգը, ըստ որի սեփական նախաձեռնությամբ արտասահմանյան բուհեր ընդունված երիտասարդները պարտավոր են 15 հազար դոլարի գրավի պայմանագիր կնքել պետության հետ՝ գրավադրել այդ գումարին համարժեք անշարժ գույք, որը կարող է գրավազերծվել միայն սովորողի վերադարձի ու սահմանված կարգով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում։

Ոչ պաշտոնական գնահատումներով, վերջին տասնամյակի ընթացքում տարբեր պատճառներով երկրից հեռացել ու այդ կերպ զինծառայությունից խուսափում է շուրջ 15 հազար զինապարտ։ Սրանց մեջ, իհարկե, բոլորը չէ, որ մեկնել են զուտ բանակային պարտքի կատարումը շրջանցելու դրդապատճառով։ Երիտասարդների մի մասը իր նախաձեռնությամբ հեռացել է արտասահմանյան որեւէ երկրի ուսումնական կամ գիտակրթական հաստատություններում սովորելու նպատակով, մինչդեռ, եթե լրացել է նրա զինակոչային տարիքը, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, մեխանիկորեն համարվում է դասալիք՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։

Ըստ կառավարության այսօրվա նիստում հաստատված կարգի, մինչեւ 2001/2002 ուսումնական տարին սեփական նախաձեռնությամբ արտասահմանյան բուհեր ընդունված երիտասարդները պարտավոր են 15 հազար դոլարի գրավի պայմանագիր կնքել պետության հետ՝ գրավադրել այդ գումարին համարժեք անշարժ գույք, որը կարող է գրավազերծվել միայն սովորողի վերադարձի ու սահմանված կարգով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում։

Կառավարության նիստից հետո գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նման կարգը հաստատվել է հենց իրենց՝ ներկայումս արտասահմանում սովորող ուսանողների ու նրանց ծնողների խնդրանքով:

«Սա փորձ է՝ արդեն եղած վիճակը հաղթահարելու», - ասաց Լեւոն Մկրտչյանը՝ փաստարկելով, թե նախարարությունում արտասահմանում սովորող հարյուրավոր ուսանողների ու նրանց ծնողների դիմումներ են կուտակվել: - «Սա ի շահ քաղաքացիների է, եւ հենց իրենց հետ խորհրդակցելու ժամանակ այդ գաղափարը եկավ»:

Նախարարը պարզաբանեց, թե գրավի պայմանագիր կնքելը չի տարածվում արտասահմանյան բուհերում սովորող այն երիտասարդների վրա, ովքեր արտասահմանում կրթություն են ստանում միջպետական կամ միջհամալսարանական համաձայնագրերի հիման վրա։ Նրանք, բնականաբար, օրենքով չեն հետապնդվում, մինչդեռ դրսի բուհերում սեփական նախաձեռնությամբ սովորող հարյուրավոր երիտասարդների նկատմամբ հետախուզում է հայտարարված ու քրեական գործեր են հարուցված:

«Մենք հույս ունենք ամբողջապես կարգավորել դաշտը, որովհետեւ տասնյակ քրեական գործեր են հարուցվում ներկայումս, եւ սա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին օրինական կարգով՝ առանց որեւէ ստվերային անցումների, կարգավորել խնդիրը՝ պայմանագիր ստորագրելով կրթության նախարարության հետ»:

Նախարարի խոսքերով, այս պրակտիկան գործում է բոլոր երկրներում: Հարկ է ճշտել, սակայն, որ խոսքը այն երկրների մասին է, ուր զինծառայությունը պարտադիր է բոլորի համար, մինչդեռ, պրոֆեսիոնալ բանակ ունեցող երկրներում նման կարգ սահմանելն ուղղակի անիմաստ է ու անհեթեթ։

Իսկ թե ինչու է կառավարություը որպես գրավի չափ Հայաստանի համար չափազանց բարձր՝ 15 հազար դոլար սահմանել, նախարարը այսպես է պարզաբանում. - «Այս չափը վերցվեց, որպեսզի հստակ լինի եւ սա չդառնա զինվորական ծառայությունից խուսափելու ձեւերից մեկը: Նա, ով իր ուսումը շարունակում է եվրոպական, ամերիկյան կամ ռուսական բուհում, երեւի կկարողանա 15 հազար դոլարին համարժեք գույք գրավ դնել»:

Լրագրողներից մեկը տարակուսեց, որ եթե պետությունը ուսման մեկնող երիտասարդից 15 հազար դոլար է պահանջում իբրեւ գրավ, ապա չի՞ լինի այնպես, որ վերջինը 6-7 հազար դոլար կաշառք վճարելով խնդրի առնչությամբ որոշում կայացնող ռազմական ու առողջապահական գերատեսչությունների չինովնիկներին, ուղղակի ազատվի բանակից, որից հետո հանգիստ մեկնի ուզած երկիրը։ Նախարարը բացառեց նման հնարավորությունը՝ անիրազեկ ներկայանալով, թե որեւէ մեկը զինծառայությունից ազատվելու նպատակով միջինը որքան կաշառք է տալիս։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG