Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Տրամադրության տակ ունենալով ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում ստեղծելու մասին հայտարարության տեքստը, որ ենթադրաբար պիտի ստորագրվեր այսօր, «Հայկական ժամանակ» թերթը այն որակում է ամորֆ ու անսկզբունք. «Տպավորություն կա, թե նրա հեղինակները ինչ-որ այլ խնդիրներ են իրենց առաջ դրել: Ու Ժողովրդահայրենասիրական ուժերի միության կառուցվածքի եւ հնարավոր անելիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս նոր ֆորմատն ուղղված է ՀԺԿ - «Հանրապետություն» հնարավոր նախընտրական դաշինքը կանխելուն: Փաստաթուղթը ստորագրելուց հետո ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը», փաստորեն, կորցնում են հետագայում երկկողմանի դաշինք ձեւավորելու հնարավորությունը, քանի որ այդ պարագայում ստիպված կլինեն պաշտպանվել «միասնական ժողովրդահայրենասիրական ճակատը» քանդելու մեղադրանքներից: Մյուս կողմից, նշված միավորման կազմում ընդգրկվելով՝ ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը» մեխանիկորեն դառնում են փոքրամասնություն եւ հայտնվում են մի միջավայրում, ուր որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթը գտնվում է «Սոցիալիստական Հայաստան» միավորման սուբյեկտների ձեռքում»:

«Օրրան» թերթի մեկնաբանը մի շարք ընդդիմադիրների հետ զրույցների հիման վրա տրամադրություններ է փոխանցում, որ մինչեւ միասնական թեկնածուի հստակեցում դեռ երկար փուլային-համագումարային ճանապարհ կա, չի բացառվում՝ այդ անունը ի հայտ գա ընտրություններից միայն օրեր առաջ: Իսկ առայժմ նկատվում է հատկապես Արտաշես Գեղամյանի առաջքաշման միտում: Մեկնաբանի դիտարկմամբ, հենց այս տարբերակն է առավել ձեռնտու գործող նախագահին, հետագայում ցանկացած պահի Գեղամյանը կարող է անցնել Քոչարյանի ճամբար՝ նայած թե ինչ կառաջարկվի իրեն:

«Ինձ շատ զարմացրեց Արտաշես Գեղամյանի հիվանդագին արձագանքը նախագահական ընտրություններում ՀՀՇ-ի հետ իր հնարավոր համագործակցության վերաբերյալ իմ դիտարկմանը», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ - «Սա զարմանալի է մանավանդ այն պարագայում, որ Արտաշես Գեղամյանը բավական հարուստ փորձ ունի ընտրությունների ժամանակ համագործակցելու... հենց ՀՀՇ-ի հետ»։ «Առավոտ»-ում ներկայացվում են դրա օրինակներ նախորդ ընտրություններից, իսկ վերջում հիշեցվում է. - «Իր ծառայությունները երեք անգամ Ռոբերտ Քոչարյանին իբրեւ վարչապետ առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո Արտաշես Գեղամյանը սկսեց քննադատել նախագահին, որին մինչ այդ աջակցում էր»։

«Նրանք, ովքեր իրենց գոյության իմաստը վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում են Քոչարյանին պաշտոնանկ անելու մեջ, այդ նպատակին հասնելու ճանապարհներին մոլորված՝ այդ ուժերն անընդհատ միավորվելու եւ տրոհվելու եռուզեռի մեջ են», - պատկերավորում է «Ազգ» թերթը: - «Խառնամբոխը քանի մեծանում, այնքան դժվարանում է լուծել գերխնդիրը՝ տեղերի ու ապագա պաշտոնների տեղաբաշխումը»։ «Ազգ»-ում ընդգծված է. - «Երբեք հնարավոր չէ այդ իրականության մեջ դաշինք կազմել՝ առանց նախօրոք նախագահի, վարչապետի, նախարարների եւ նման պաշտոնների հարցում համաձայնության գալու, քանի որ արդեն ակնհայտ է՝ դաշինքների ստեղծման հիմքում բացառապես այս խնդիրն է»։ Ու նաեւ՝ կարծես «այդ ուժերը հետեւողականորեն փորձում են ապացուցել, որ իրենք ոչ միայն ընդունակ չեն կայուն, հեռանկարային դաշինք ստեղծել, այլեւ նորմալ համագործակցել։ Չի կարող լուրջ համարվել որեւէ քաղաքական կազմակերպություն, որի անելիքը միայն դաշինքներ փնտրելն է»։

«Օրրան» թերթի փոխանցմամբ, Ազգային ժողովում էլ, ինչպես եւ ողջ քաղաքական դաշտում, անորոշություն է տիրում. «Այնտեղ եւս ընդերքային գործընթացները դեռ չեն ավարտվել: «Միասնության» դիմումատու պատգամավորները չգիտեն իրենց անելիքը: Ընդդիմադիր պատգամավորների մի մասն էլ արդեն ձեռք է քաշել ամբիոնագրավման մշուշոտ ապագայից՝ ոչ թե այն վախից, որ իրենց ականջները կքաշվեն, այլ որ նրանց վրա լավ են «աշխատում»: Խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը միանգամայն համոզված է, որ պատգամավորները ամբիոնը չեն գրավելու: Թե ինչու՝ չի ասում:

Օգոստոսի 27-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների միության համագումարը ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում բնութագրել է որպես «ամենավերջին ստորություն»: Իսկ համագումարում վարչապետի հասցեին հնչած մեղադրանքները Թորոսյանը գնահատում է որպես «կատարյալ տխմարություն»:

«Հայոց Աշխարհ» թերթի արձանագրմամբ, Հայաստանի համայնքների միության երրորդ, արտահերթ համագումարը դարձավ վաղուց արդեն ծանոթ սցենարի՝ նախագահի ու վարչապետի միջեւ արհեստականորեն հակասություններ առաջացնելու հերթական հանգրվաններից մեկը. «Արդեն փորձ է արվում գործնական-քաղաքական հարթություն տեղափոխել «հիմնահարցը»: Ընդ որում, եթե մինչեւ այժմ տարածվող խոսակցությունները բխում էին ընդդիմության ճամբարից, ապա ներկայումս ձեռնարկվող փորձերի իրական ազդակները կարծես թե սկիզբ են առնում հենց իշխանության դաշտից», - ենթադրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ ի վերջո շեշտելով. - «Տեղի ունեցած տգեղ ներկայացման խորքային՝ քաղաքական պատճառը մեր կողմից բազմիցս արդեն մատնանշված՝ իշխանության քաղաքական հստակ թիմի ձեւավորման գործընթացի ուշացումն է: Եթե մինչեւ հիմա ի լուր ամենքի հստակորեն հայտարարված լիներ, որ նախագահ + վարչապետ + նրանց աջակցող քաղաքական ուժեր թիմը միասնաբար է գնում ընտրությունների, ապա համագումարը սեփական նպատակներին ծառայեցնելու մեջ շահագրգիռ անձինք չէին համարձակվի դիմել նման քայլի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG