Մատչելիության հղումներ

Ականազերծման կենտրոնը տվեց իր առաջին շրջանավարտները





Միացյալ Նահանգների աջակցությամբ այս տարվա գարնանը Էջմիածնում բացված Հայաստանի ականազերծման կենտրոնը տվեց իր առաջին շրջանավարտները:

90 շրջանավարտ զինծառայողներին վկայագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

«Այսօրվա միջոցառումը գործընթացի ոչ թե ավարտ է նշանակում, այլ սկիզբ». - իր խոսքում նշեց դեսպան Ջոն Օրդուեյը:


Վկայագրեր ստացան 56 սակրավոր, 9 հետազոտող մասնագետ, պայթեցնող խմբի 7 անդամ, շների հետ աշխատող 6 մասնագետ, վերապատրաստված 4 բժիշկ: Ականազերծման կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Արթուր Բաղդասարյանի խոսքերով, շրջանավարտները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, կադրային սպաներ, թեեւ կան նաեւ ժամկետային զինծառայողներ:

Գալիք սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կենտրոնի առաջին շրջանավարտները արդեն ականազերծման աշխատանքներ են կատարելու Տավուշի մարզում: Ամերիկացի մասնագետները ականազերծման գործնական աշխատանքներին չեն մասնակցելու, նրանք միայն ուսուցանում են:

ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ուսուցողական խմբի հրամատար Պիտեր Վուտեռան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց խմբի մեջ ներգրավված են եղել 19 մասնագետ՝ զինվորականներ եւ հրահանգիչներ: Նա հավաստիացրեց, որ ուսուցումը կատարվել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:

«Ցավոք, մեկ շաբաթ հետո մենք մեկնելու ենք Հայաստանից, քանի որ մեր ծրագիրն ավարտվել է», - ասաց Վուտեռան: - «Հաջորդ խմբին ուսուցանելու համար ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտից ուրիշ մասնագետներ կգան»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը արդեն ձեւավորում է երկրորդ խումբը, որի ուսուցումը կկատարվի ձմռան եւ գալիք գարնան ամիսներին:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դժվարացավ ասել, թե Հայաստանի տարածքում մոտավորապես քանի ական կա տեղադրված. - «Համենայնդեպս հարյուրավոր հեկտար հողատարածություններ չեն մշակվում ականների առկայության պատճառով»:

Ականազերծման կենտրոնի բացման արարողության ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը ասել էր, թե ադրբեջանցիները հարյուր հազարավոր ականներ են տեղադրել Հայաստանի տարածքում: Նույն օրը Սերժ Սարգսյանը ասել էր. - «Ես համոզված եմ, որ այլեւս ռազմական գործողություններ չեն լինելու: Դրա համար էլ մենք ձեռնամուխ ենք եղել այս կենտրոնի ստեղծմանը եւ այդ տարածքների ականազերծմանը»:

Այսօրվա ասուլիսում, մինչդեռ, պաշտպանության նախարարը ասաց. - «Հայաստանում եւ Ադրբեջանում ականզերծաման կենտրոնների առկայությունը չի կարող նույնիսկ փոքր-ինչ երաշխիք լինել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի»: Ամեն դեպքում, նրա խոսքերով, «եթե մենք որոշել ենք, եթե հարմար ենք գտել ականազերծել սահմանամերձ շրջանները, ուրեմն որոշակի հույս ունենք, որ այդ տարածքներն այլեւս ակապատելու կարիք չի լինի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG