Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցություններ հանդես են գալիս բաշխիչ ցանցերի վաճառքի խիստ քննադատությամբ


Հայաստանի նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 26֊-ին վավերացրել է
Հայաստանի էլցանցերը մասնավորեցնելու մասին կառավարության որոշումը:

«Իշխանություններն արեցին իրենց գործը, իշխանությունները պետք է հեռանան», - այսպիսին է Հայաստանի բաշխիչ էլցանցերը օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիդորսիզ հոլդինգ» ընկերությանը վաճառելու գործարքը կանխելու մտադրության մասին ընդդիմադիր 14 կուսակցությունների քաղաքական հայտարարության իմաստը:

Ըննդիմադիր առաջատար ուժերի կողմից ստորագրված եւ բավական խիստ ձեւակերպումներով հայտարարությունը պահանջում է Ազգային ժողովի պատգամավորներից «անհապաղ կանխել հակաօրինական գործարքը»:

«Իսկ իշխանափոխությունից հետո այս եւ նման բոլոր գործարքները չեղյալ են հայտարարվելու», - համոզմունք հայտնեցին հայտարարության հեղինակները:

«Ինչ-որ մարդիկ այս գործարքի շնորհիվ իրենց գրպանները բավականին լուրջ գումարներ են դրել. ովքեր այդ գործարքում մասնակից են՝ կառավարության անդամները», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց հայտարարության հեղինակներից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Աժ պատգամավոր, ԱԺԴ-ի (Ազգային ժողովրդավարների միություն) նախագահ Արշակ Սադոյանի խոսքերով, ակնհայտ է նախագահի եւ վարչապետի ճնշումն այս գործարքի վրա:

Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեքսան Կարապետյանի համոզմամբ՝ «վերջում կպարզվի, որ այդ կազմակերպության [բաշխիչ ցանցերը գնած օֆշորային ընկերության] ետեւում կանգնած են նույն մեր իշխանավորները, որոշ պատգամավորներ»: Կոնկրետ անուններ, սակայն, Կարապետյանը չնշեց:

Պատգամավոր Մանուկ Գասպարյանը ասաց, թե «բոլոր հովանավորների ցուցակն անուն առ անուն կհարապարակի, եթե գործարքից հետ չկանգնեն»:

Այդպես էլ անպատասխան ու օդում կախված մնաց հարցը. այդքան հե՞շտ է գործադիր իշխանությունը ձեռքից բաց թողնում մի ոլորտ, որն, ասում են, ընտրական փողերի աղբյուրներից մեկն է:

Ալեքսան Կարապետյանի խոսքերով, «գազի եւ էլեկտրաէներգիայի կորուստներ» կոչվող գումարները «գնում են այսօրվա իշխանավորների գրպանները, ֆինանսավորում են հակաժողովրդական ակցիաներ»:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ասաց, թե «մոտ ապագայում հայտնվելու ենք մի վիճակում, որում հայնտվեցինք «ԱրմենՏել»-ի վաճառքից հետո»:

Հակափաստարկներից հիմնականն այն էր, թե գործ ունենք օֆշորային գոտում գրանցված մի անհայտ ընկերության հետ, որն այս ոլորտում ոչ մի փորձ չունի, եւ դեռ կառավարումն էլ ուրիշի պիտի հանձնի:

Ազգային Ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ եւ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գագիկ Մինասյանն այսօրվա ասուլիսում հնչած հիմնավորումներին հակադարձեց պայմանագրի համապատասխան կետերը. որոշակի չափորոշիչներ՝ ասենք անխափան, հուսալի էներգամատակարարում չապահովելու դեպքում, գործում են պատժամիջոցները, որոնցից ամենախիստը արտոնագրից զրկումն է: Իսկ սակագնային քաղաքականությունը, ինչպես նախկինում, էներգետիկ հանձնաժողովի լիազորությունն է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG