Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ թեկնածուների նման աղքատ տեսականիով Հայաստանը երբեք չի գնացել նախագահական ընտրությունների», - գրում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «քանզի ե'ւ 1991-ին, ե'ւ 1996-ին, ե'ւ 1998-ին ասպարեզում կային նվազագույնը 2-3 հեղինակավոր գործիչներ, որոնք միմյանց հետ վիճարկում էին ընտրությունների ելքը»: Մեկնաբանի հայացքով, ներկայումս այդպիսի հնարավորություններ ունեցողների ցանկը փաստորեն սկսում եւ ավարտվում է գործող նախագահի անուն-ազգանունով: «Հավանական թեկնածուների եւ նրանց աջակցող քաղաքական ուժերի դաշտը փակված է այնպիսի հավակնոտ անհատներով, որոնք երբեք իրենց տեղը չեն զիջի անգամ շատ ավելի ուժեղ ու հեռանկարային որեւէ թեկնածուի... Ինչ վերաբերում է գործող իշխանությանը, ապա ակնհայտ է, որ նրա քաղաքական ռեսուրսը ոչ միայն չի սպառվել, այլեւ անշեղորեն աճում է», - համադրված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Այն, ինչ պիտի տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի փետրվարին, դժվար է ընտրություն անվանել», - արձանագրում է «Օրրան» թերթը: - «Ըստ էության, փետրվարին Ռոբերտ Քոչարյանի վերընտրության խնդիրն է լուծվելու: Նախագահամետ ուժերը ձգտելու են ապահովել նրա վերընտրությունը, ընդդիմադիր ուժերն ամեն կերպ խափանելու են այդ վերընտրությունը: Ընդդիմությանը առաջին հերթին անհանգստացնելու չափ հուզում է Քոչարյանի վերընտրության խափանումը, հետո միայն՝ իր նախագահացուի հաղթանակը»: Ընդդիմադիր ուժերը շատ լավ գիտակցում են, որ առանձին, «սեփական» թեկնածուներով ոչ միայն հաղթանակի չեն հասնի, այլեւ լուրջ դիմադրություն չեն կարողանա ցույց տալ գործող նախագահին, եւ նախագահական ընտրությունը Քոչարյանի համար կդառնա հակառակորդ ուժերի թուլության ստուգատես, զվարճալի կիրակնօրյա ժամանց: «Այնպես որ», - բխեցրել է խմբագրականը, - «ընդդիմադիր ուժերը դատապարտված են հաղթահարելու սեփական հավակնությունները, իրենց գլխից վեր թռնելու եւ առաջադրելու միասնական թեկնածուի՝ տասներեքի փոխարեն Մեկին: Բայց առաջադրելուց առաջ պիտի գտնեն այդ Մեկին: Այդպիսին, գոնե այսօր չի երեւում», - բազմակետ է դնում «Օրրան»-ը:

«Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է հիմնականում ստվերում մնալ, իսկ մրցակից ուժերը հիմա ավելի շատ կարծես արտաքին հենարաններ որոնելու մրցավազքի մեջ են», - ընթացքից ամրագրում է «Իրավունք» թերթը: Խորհրդարանի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր ընդգծում է. - «Ինչքան էլ փորձես ընտրողին օգնել այս կամ այն հարցում, միեւնույն է, եթե նա թեկնածուին չի ընդունում, ապա ոչ մի ընտրակաշառք այդ թեկնածուին չի օգնի: Եթե անցած ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի ազդեցությունը, ենթադրենք, 40 տոկոս էր, ապա առաջիկա ընտրություններում դա կլինի 20 տոկոսից էլ քիչ: Ի վերջո, եթե թեկնածուներն ընտրությունների ժամանակ ինչ-որ բան են բաժանում, թող բաժանեն: Ես դա նորմալ եմ համարում», - ասում է Կարեն Կարապետյանը: - «Այդքան գողանում են ժողովրդից, թող մի մասն էլ բաժանեն: Ի վերջո, անցյալում դրանով խաբվող ընտրողները եթե շատ էին, այժմ կլինեն ավելի քիչ: Ովքեր այդքան շատ են խոսում ընտրակաշառքից, նրանք թերագնահատում են մեր ժողովրդին: Ես վիրավորական եմ համարում, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ մեր ժողովրդին ներկայացնում են ծախու: Եթե այդ մարդիկ ավելի շատ շփվեին ժողովրդի հետ, ապա ժողովրդի նկատմամբ այդքան թերահավատ չէին լինի», - եզրափակել է «Ժողպատգամավոր»-ի ղեկավարը:

Անդրադառնալով մինչեւ նախագահական նոր ընտրություններ կադրային տեղաշարժերը նվազագույնի հասցնելու, միայն ծայրահեղ դեպքում կատարելու՝ նախագահ Քոչարյանի հայտարարությանը, «Առավոտ» թերթը մեկնաբանում է. - «Ասվածից կարելի է ենթադրել, որ առաջ Քոչարյանը կադրային քաղաքականություն վարելիս ավելի անկաշկանդ էր եւ մարդկանց պաշտոնանկ էր անում առանց նշված ծայրահեղ անհրաժեշտության: Մանավանդ որ, պաշտոնական մեկնաբանություններից դատելով՝ պաշտոններից ազատված բարձրաստիճան չինովնիկներից եւ ոչ մեկը չէր արատավորել իր ղեկավարած գերատեսչության պատիվն ու անվայել արարքներով աչքի չէր ընկել»։ Միեւնույն ժամանակ, նախագահը իրավացի է. չինովնիկների «պաշտոնանկության մասին լուրեր են տարածում նրանք, ովքեր շահագրգռված են այդ գերատեսչությունների աշխատանքը խափանելու մեջ: Երբ պաշտոնյան լսում է, որ իրեն շուտով կհանեն աշխատանքից, սկսում է գռփել ոչ թե սովորականի պես, այլ՝ եռակի եռանդով: Այո՛, չինովնիկն իր պաշտոնանկության մասին պիտի վերջինն իմանա։ Հակառակ դեպքում՝ նրա գերատեսչության աշխատանքը կտապալվի:

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում կրկին ասում է. - «Այսօր ես մենակ եմ. իմ ետեւում ո՛չ կուսակցություն կա կանգնած, ոչ՛ էլ իրավապաշտպան կազմակերպություն, բայց նույնիսկ միայնակ՝ ես գնալու եմ մինչեւ վերջ»: Անդրանիկ Պողոսյանը հուսով է՝ իշխանափոխությունից հետո եղբոր գործը կուղարկվի կրկնաքննության, եւ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը: «Մի քանի օր առաջ պայթեցվել է ձեր եղբորը «անզգուշաբար» սպանած Աղամալ Հարությունյանի «Մերսեդեսը»: Այս օրերին իրավապահները ձեզ չե՞ն անհանգստացրել» հարցին նա պատասխանել է. - «Երբ այդ դեպքը եղել է՝ ես քաղաքում չեմ եղել, բայց իրավապահները եկել են մեր հարեւանի տուն եւ հարեւանին են հարցեր տվել: Ի դեպ, ասեմ նաեւ, որ այդ «Մերսեդեսը» Կուկուն իր փողերով չէր առել. դա այն փողն էր, որ ինձ էր առաջարկվել դատավարության օրերին»:

Ռուսաստանի Կուբանի երկրամասից վերադարձած «Ազգ»-ի թղթակիցը, ներկայացնելով, որ Հայաստանից այնտեղ գնացածներից շատերն էլ հացի կարոտ ու նեղության մեջ են, հանգեցնում է. - «Կուբանի հայության խնդիրը հնարավոր է եւ պետք է կարգավորել նաեւ Հայաստանից։ Հայաստանում ստեղծել մի կտոր հաց աշխատելու հնարավորություն։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի հայությանը պանդխտության հերթից հետ պահել։ Ցավոք, Կրասնոդար-Երեւան ավտոբուսը դեռեւս սովորականի նման Հայաստան է վերադառնում կիսադատարկ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG