Մատչելիության հղումներ

Ստորագրվեց բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի պայմանագիրը





Երկուշաբթի օրը ստորագրվեց «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» օֆշորային ընկերությանը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի պայմանագիրը: Հայկական կողմից այն ստորագրեցին կառավարության չորս անդամներ՝ արդարադատության, Էներգետիկայի, պետական գույքի կառավարման եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարները։ Գնորդի անունից էլեկտրացանցերի բաժնետոմսերի 80, 1 տոկոսի գնման պայմանագիրը ստորագրեց «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերության մոսկովյան ներկայացուցչության տնօրեն Ալեքսանդր Զավրաժնովը։

Պայմանագրի ստորագրմանը նախորդել էր կառավարության արտահերթ նիստը, որտեղ գործադիրը «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությանը ցանցերի մասնավորեցման մրցույթի հաղթող էր ճանաչել։

Կնքված գործարքից կառավարության անդամներն ակնհայտորեն գոհ են: Ամեն դեպքում, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պայմանագիրն ստորագրելուց անմիջապես հետո հայտարարեց, թե ցանցերը «օպտիմալ» գնով են վաճառվել, ավելացնելով, իհարկե՝ եթե գնորդը կատարի ստանձնած պարտավորությունները: «Եթե արդիականացնելու է, եթե մեր հոսանքի վիճակը լավանալու է՝ եւ քիչ գումարով է՝ դա էլ է մեզ ձեռնտու. ուրեմն սակագնում ավելի քիչ փոփոխություն կլինի», - ասաց նա, ավելացնելով. - «Ինչ մենք ստացանք հիմա, տարիների ընթացքում հետ ենք տալու»:

Իսկ ի՞նչ ստացանք: Վարդան Խաչատրյանը այսօր ասաց, որ գնորդի առաջարկած գինը մեկ օր տեւած բանակցությունների ընթացքում փոփոխություններ չի կրել: «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը ցանցերի բաժնետոմսերի վերավհսկիչ ծրարի դիմաց սեփականաշնորհման հատուկ հաշվին վճարելու է 12 միլիոն 15 հազար դոլար, եւս 25 միլիոն դոլար վճարելու է բաշխինչ ցանցերի ունեցած պարտքերի դիմաց: Գործարքի ընդհանուր գինը շուրջ 37 միլիոն դոլար է։

Ինչ վերաբերվում է ներդրումներին, ապա 7-8 տարվա ընթացքում գնորդից ակնկալվում է շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում՝ ցանցերի արդիականացման նպատակով: Տարեկան 16 տոկոս շահույթի երաշխիքը, ըստ Վարդան Խաչատրյանի, գնորդին նման ներդրումների հնարավորություն ընձեռում է։ Այս տեսանկյունից էլ վաճառքի ցածր գինը, ըստ նրա, գերադասելի է:

«Եթե մենք հիմա վաճառեինք 200 միլիոնով, որեւէ խնդիր, կարծես, չէր ծագի», - ասաց նախարարը: - «Բայց դա պարզ է, որ իրենց գրպանից չէր լինելու: Միանգամից սակագները կփոխեին, որպեսզի 7 տարվա ընթացքում իրենց գումարը վերականգնեին»:

Ցանցերի մասնավորեցմամբ են Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորել կառուցվածքային բարեփոխումների ՍԱՔ-4 վարկի հետաձգված 20 մլն դոլարանոց 3-րդ մասաբաժնի հատկացումը։ Միջազգային այդ դոնորները, սակայն, ամենեւին չեն կիսում կառավարությունում տիրող էյֆորիան՝ կապված ցանցերի վաճառքի հետ։

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Կարպիս Իրադյանը, մասնավորապես, այսօր «Ազատություն» ռադիոկայանին իր մտահոգությունը հայտնեց գնորդ ընկերության մասին լիարժեք տվյալների բացակայության առնչությամբ՝ հավելելով, թե իրենք վերապահումներ ունեն նաեւ գնորդի՝ բաշխիչ էլեկտրացանցերի կառավարման բնագավառում համապատասխան փորձառություն բացակայության կապակցությամբ։

Կնքված գործարքի առնչությամբ նույնպիսի բովանդակություն ուներ նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արձագանքը։ Գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը կնքված գործարքի՝ բանկի նախնական գնահատականը ձեւակերպեց այսպես. - «Բնական է, որ դոնոր համայնքը միանշանակ չի ընդունի այս գործարքը, թեեւ կողմ եւ դեմ փաստարկները գրեթե հավասարակշիռ են: Պարզ է, որ էներգետիկ ոլորտում փորձ չունեցող ընկերության հաղթանակը միանշանակ մոտեցում դոնոր համայնքի կողմից չի կարող ունենել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, թե կախված առաջիկա մի քանի օրվա ընթացքում ճշտվելիք՝ Համաշխարհային բանկի գնահատականից, հնարավոր է, որ փոփոխության ենթարկվի ոչ միայն ՍԱՔ-4-ի առնչությամբ կայացրած որոշումը, այլեւ ընդհանրապես բանկի կողմից երկրի
միջնաժամկետ՝ երեք տարվա կտրվածքով մշակված ռազմավարությունը։

Այս կապակցությամբ Վարդան Խաչատրյանը հույս ունի, որ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը, պայմանավորվածության համաձայն, 2-3 ամսվա ընթացքում կգտնի ցանցերի կառավարման հարուստ փորձ ունեցող ընկերություն, եւ դոնորների առարկություններն ու վերապահումները գործարքի վերաբերյալ, կվերանան։

Վերակառուցման եւ զարգացման եվորպական բանկի երեւանյան գրասենյակում այսօր ոչ աշխատանքային օր էր: Անուղղակի աղբյուրներից, այդուհանդերձ, հայտնի դարձավ, Եվրոբանկը հրաժարվել է Հայաստանի ցանցերի 19,9 տոկոս բաժնեմասի գնման մտադրությունից՝ հավանաբար չցանկանալով գործ ունենալ օֆշորային գոտում գրանցված ընկերության հետ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG