Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների անունները առայժմ անհայտ են


Հայաստանի իշխանությունները շարունակում են չհրապարակել այն չորս անձանց անունները, ովքեր այս ամիս ձերբակալվել են Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Չորեքշաբթի օրը ձերբակալությունների մասին հաղորդած Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը հրաժարվում է մարնամասներ հաղորդել այս արտառոց քրեական գործի վերաբերյալ: Նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը, այդուհանդերձ, ասել է, թե պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի չորս քաղաքացիների անունները կհրապարվեն «շուտով»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե ոչինչ չգիտի ձերբակալվածների ինքնության մասին: Նա ասաց միայն, որ բոլոր ձերբակալվածներն ունեն փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Ի պատասպան փաստարկի, որ Հայաստանում գործող երկու փաստաբանական միություններում տեղյակ չեն, թե ովքեր են պաշտպանում այդ մարդկանց շահերը, Հարությունյանը ասաց, որ այդ միությունների անդամները պարտավոր չեն դրանց ղեկավարությանը տեղյակ պահել իրենց վարած գործերի մասին, իսկ «փաստաբանին դիմելու փաստն ինքնին փաստաբանական գաղտնիք է»:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը, մինչդեռ, «հերթական ապատեղեկատվություն» է անվանել Հայաստանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունը:

«Ադրբեջանական կողմը իր շահերն ապահովելու նպատակով օգտվում է նորմալ մարդկանց աջակցությունից, ովքեր չեն ընդունում հայկական ղեկավարության՝ իր իսկ ժողովրդի դեմ ուղղված օկուպացիոն, ահաբեկչական քաղաքականությունը», - ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի ասել է այդ երկրի ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արազ Գուրբանովը: - «Տվյալ պահի դրությամբ բոլոր այդ մարդիկ ողջ եւ առողջ են»:

Ադրբեջանի իշխանություններն, իրենց հերթին, պնդում են, որ մինչեւ օրս ձերբակալել են հարյուրից ավելի հայերի, ադրբեջանցիների եւ այլազգիների՝ հայկական գաղտնի ծառայությունների օգտին աշխատելու մեղադրանքով: Նրանց մի մասի նկատմամբ, ըստ «Զերկալո»-ի, դատավճիռն արդեն ընդունված է:

Ադրբեջանի համար լրտեսության մեղադրանքով Հայաստանի քաղաքացիներ երբեւէ չեն ձերբակալվել կամ դատապարտվել:


Արմեն Զաքարյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG