Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատավարձերի ու կենսաթոշակների աճը Հայաստանում ետ է մնում տնտեսական աճից


Համախառն ներքին արդյունքի եւ արդյունաբերության արտադրանքի աճի գծով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ վերջին տարիների անփոփոխ առաջատարներից է: Շարքային քաղաքացիները, սակայն, այդ աճի մասին իրական պատկերացում են կազմում ոչ թե վիճակագրական հիմնարկների մատուցած թվերով, այլ՝ հիմնվելով այն բանի վրա, թե այդ աճը ուղեկցվու՞մ է, արդյոք, իրենց եկամուտների, հետեւաբար եւ՝ կենսամակարդակի աճով։

Ըստ ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալների, Հայաստանը պաշտոնական վաստակների ու կենսաթոշակների աճի առումով շարունակում է անհուսորեն ետ մնալ:

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում, համագործակցության մյուս երկրների համեմատ, միջին կենսաթոշակների աճը ամենացածրն է՝ ընդամենը 3 տոկոս՝ բացարձակ առումով կազմելով մոտ 8,5 դոլարին համարժեք դրամ։ Իսկ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակներն աճել են մոտ 50 տոկոսով՝ հասնելով շուրջ 32 դոլարի։ Ադրբեջանում դրանք աճել են մոտ 40 տոկոսով՝ բացարձակ գումարով կազմելով 28 դոլար, Բելառուսում՝ 25 տոկոսով՝ կազմելով 39 դոլար, Ուկրաինայում՝ 21 տոկոսով՝ հասնելով՝ 25 դոլարի։

Թերեւս, վիճակը նույնն է նաեւ միջին աշխատավարձերի աճի բնագավառում: Նույնիսկ պաշտոնական վաստակների առումով այնպիսի անբարվոք երկրի համեմատությամբ, ինչպիսին Տաջիկստանն է, Հայաստանում այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում միջին ամսական աշխատավարձն ավելի քիչ է աճել՝ ընդամենը 13 տոկոսով՝ կազմելով 25 հազար դրամ։ Տաջիկստանում միջին աշխատավարձն աճել 42 տոկոսով՝ ճիշտ է, բացարձակ առումով մնալով մոտ երեք անգամ ավելի ցածր, քան Հայաստանում։

Միջին անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում՝ շուրջ 56 տոկոս՝ կազմելով 175 հազար բելոռուսական ռուբլի, ինչը համարժեք է մոտ 95 ամերիկյան դոլարին։ Ռուսաստանում միջին աշխատավարձն աճել է 38 տոկոսով՝ հասնելով մոտ 130 դոլարի, Ադրբեջանում 20 տոկոսով՝ կազմելով 66 դոլար, Ուկրաինայում՝ 19 տոկոսով՝ հասնելով՝ 48 դոլարի։ Ղազախստանում միջին աշխատավարձն աճել է 18 տոկոսով՝ կազմելով 126,5 դոլարի։

Անդրանիկ Մարգարյանի կաբինետը մինչդեռ, իր գործունեության ծրագրում խոստացել է 7-8 տարվա ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը ու քառապատկել կենսաթոշակները։ Իսկ նման տեմպերի դեպքում կենսաթոշակների քառապատկման համար ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ կպահանջվեն։

Հարկ է, այդուհանդերձ, նշել, որ պաշտոնական վիճակագրությունը արտացոլում է մարդկանց եկամուտների մի մասը միայն։ Գործատուները, օրինակ, խուսափելու համար եկամտահարկի վճարումից, պաշտոնական հաշվետվություններում ցույց են տալիս փաստացի վճարած աշխատավարձերի 35-40 տոկոսից ոչ ավելին, մնացածը տրվում է առձեռն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG