Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ինքներս պիտի որոշենք՝ վերադառնա՞լ հռչակագրի սկզբունքներին, թե՞ գնալ այն ճանապարհով, որ վերադարձնելու է ոչ մի տեղ: Շարունակե՞լ Երրորդ հանրապետության՝ իրենց չարդարացրած ու իրենց սպառած գործառնությունները, թե՞ երրորդ հազարամյակի ամենասկզբում հիմք դնել Հայաստանի Չորրորդ հանրապետությանը: Եվ բացառել նախորդի սխալները»: Այսպիսի եզրակացության է հանգել «Օրրան» թերթը՝ 12 տարիների հետադարձ հայացք ձգելով Անկախության Հռչակագրի ընդունմանը:

Երեւանյան մյուս թերթերի այսօրվա հայացքն ավելի շատ ուղղված է Հայաստանում սպասվող ընտրություններին: «Եթե այսօր տեղի ունենար նախագահի ընտրությունը՝ ու՞մ կընտրեիք». հունիս֊-հուլիսին Երեւանում անցկացված հարցախույզի 1100 մասնակիցների 21 տոկոսից ավելին նշել է Ստեփան Դեմիրճյանի, 14 տոկոսից ավելին՝ Արտաշես Գեղամյանի, մոտ 12 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 10 տոկոսից ավելին՝ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հարցախույզն անցկացրած կուսակցության անունը չբացահայտելով՝ «Հայկական Ժամանակը» փոխանցում է նաեւ, որ հարցվածների 16 տոկոսից ավելին խորհրդարանական ընտրություններն այսօր անցկացվելու դեպքում կքվեարկեր ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն), մոտ 12 տոկոսը՝ «Ազգային միաբանության», 5,5 տոկոսը՝ Հանրապետական կուսակցության, 5 տոկոսից քիչ ավելին՝ Դաշնակցության, եւ 5 տոկոսը՝ ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժման) օգտին:

Պատասխանելով «Հայոց Աշխարհ» թերթի հարցին, թե նախագահական ընտրարշավում հավանական թեկնածուներից ո՞վ է առաջ ընկել, Ազգային Ժողովի պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը, ասում է. - «Արտաշես Գեղամյանը. մյուսների համեմատությամբ նա ամենակազմակերպված ընտրարշավն է վարում, նախապատրաստվում է լրջորեն»: «Լուրջ թեկնածու չե՞ք համարում Վազգեն Մանուկյանին» հարցին էլ պատասխանում է, թե ԱԺՄ-ի (Ազգային ժողովրդավարական միություն)՝ մի քանի մասի տրոհումը նրա համար բարենպաստ իրավիճակ չի ստեղծել: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանի շանսերը պատգամավորն այսպես է գնահատում. - «Այս թեկնածությունը մենք արդեն տեսել ենք վարչապետի կարգավիճակում: Եթե ավելացնելու եք նաեւ Ալբերտ Բազեյանին, ապա նրան էլ քաղաքապետի պաշտոնում ենք տեսել: Լուրջ չէ»: «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը»: «Սա բացառված տարբերակ է, որովհետեւ մարդիկ, այնուամենայնիվ, հիշողություն ունեն»: Գուրգեն Եղազարյանը բացառել է նաեւ դրսից որեւէ բիզնեսմենի, քաղաքագետի կամ այլ մեկի ընտրվելը եւ կարծում է, որ վերընտրվելու է Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե նախագահ Քոչարյանն Արտաշես Գեղամյանին վարչապետի պաշտոն խոստանա, նախագահի ընտրություններում թեկնածությունը կառաջադրի՞»: «Իրավունքի» այս հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանել է. - «Միայն մի պայմանով. եթե նա ասի, որ ինքը հրաժարական է տալու, ես էլ կխոստանամ, որ նախագահականին չեմ մասնակցելու, պարզապես ապահովում եմ ազատ, արդար ընտրություններ»:

Այսօրվա թերթերը ծանուցում են, որ Եվրախորհրդի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները երեկ ազգային անվտանգության մեկուսարանում հանդիպել են ամբաստանյալներ Հունանյանների հետ: Իրավասու որեւէ ատյան այցելությունը հաստատող կամ մանրամասնող տեղեկատվություն մամուլին չի տրամադրել:

«Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում այսօր իրենց ճակատագրի հանգուցալուծմանն են սպասում 40 մահապարտներ, եւ մահապատիժն իբրեւ պատժատեսակ քրեական նոր օրենսգրքում պահպանելը կարող է պատճառ դառնալ կալանավայրերում խռովության ալիքի բարձրացման: Համենայնդեպս, այսօրինակ ահազանգ են հնչեցնում մահապատժի դատապարտվածների հարազատները», - գրում է «Երկիր» թերթը՝ հավելելով. - «Ժամանակն է հստակեցնելու հիշյալ 40 բանտարկյալների ճակատագիրը, գիտակցելու, որ հոկտեմբերի 27-ն իրականցրած ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու համար օրենքից դուրս ինչ֊-ինչ բացառություններ սահմանելով, զոհաբերում ենք 40 մարդու կյանք, որոնցից մեկը գուցեեւ անմեղ է՝ անարդար արդարադատության զոհ»:

Անդրադառնալով հայկական բանակի որոշ զորամասերի իրավիճակին, «Առավոտ»-ը գրում է. - «Կարգին սպաներն ու մայորները հոգնեցին վիրավորվելով նման հրապարկումներից, սակայն ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ ու անմխիթար: Բանակում կատարվող մախինացիաներին տեղյակ է նաեւ համապատասխան նախարարը: Վերջերս նա այցելեց մի քանի զորամաս: Օրինակ, նա մի տեղ որոշեց զինվորների հետ մեկ սեղանի նստել: Ճաշարանում չէին սպասում նման քայլի եւ, պարզ բան է, մատուցվեց շան լափից գրեթե չտարբերվող ճաշատեսակ: Նախարարը զարմացավ՝ սա ի՞նչ է, հենց հինա կարգին ճաշ եփեք: Սակայն հաջորդ օրն արդեն շան լափը կրկին դրված էր զինվորների առջեւ»:

«Առավոտ»-ի հարցազրույցում Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը դժգոհել է. - «Դուք իմ տունը նկարել եք առանց հասկանալու, որ ես արտասահմանում աշխատել եմ, իմ վաստակած գումարներն ուղարկել եմ հայրենիք, տուն եմ կառուցել, իսկ դուք ինձ համեմատել եք էս պոռնիկների հետ»: «Այստեղ տեղին է մեկ առ մեկ հիշել, թե «Առավոտ»-ը ում դղյակների լուսանկարներն է տպագրել», - հավելում է «Առավոտ»-ը:

Եվ որպես օրվա թեւավոր խոսք, դերասան Վլադիմիր Մսրյանի՝ «Առավոտ»-ում հրապարակված հարցազրույցից. «Դերասանը պետք է պատգամավորից լավ հագնվի, որ էս երկիրը երկիր դառնա»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG