Մատչելիության հղումներ

Հայաստանյան ընկերությունը Իրաքի նավթը վերավաճառելու քվոտա է ստացել


Ըստ նախկին Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի նավթային արդյունաբերության ինտերնետային շաբաթաթերթի՝ օրերս տարածած տեղեկության, Հայաստանը «Պարեն՝ նավթի դիմաց» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեից եւ Իրաքի կառավարությունից 7 մլն բարել հում նավթ վերավաճառելու թույլտվություն է ստացել:

Ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի շուրջ մեկ տասնյակ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Գրանդ հոլդինգ», «Վեդի Ալկո», «Սոկոլ գրուփ», «Ֆարմատեք», «Շտապ օգնություն», Իրաքի կառավարությանը եւ ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեին հում նավթի վերավաճառք կատարելու հայտ էին ներկայացրել՝ «Պարեն նավթի դիմաց» ծրագրի շրջանակներում:

Հանրապետության արտգործնախարարությունից, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, լուրը հերքեցին . - «Հայաստանի կառավարությունը Իրաքի կառավարությունից նման տեղեկություններ չի ստացել: Լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Հայաստան - Իրաք բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Հուլիսին Իրաքի կառավարությունը որոշում ընդունեց հատկացնելու 2 մլն բարել հում նավթի քվոտա «Շտապ օգնություն» ընկերությանը»:


«Պարեն՝ նավթի դիմաց» ծրագրի շրջանակներում ենթածրագիր կա՝ «Նավթի վերավաճառողներ», - շարունակեց Ուլիխանյանը: - «Ենթադրում է, որ տարբեր երկրների ընկերություններ ստանալով քվոտան վերավաճառք են կազմակերպում»:

Բանակցությունների փուլը, պատգամավորի տեղեկացմամբ, դեռեւս շարունակվում է: Մինչեւ տարեվերջ «Պարեն՝ նավթի դիմաց» ծրագրի 12-րդ փուլի քննարկումների ընթացքում կորոշվի նաեւ, թե կոնկրետ երբվանից «Շտապ օգնություն» ընկերությունը հնարավորություն կունենա իրականացնել նավթի վերավաճառքը:

ՄԱԿ-ի սահմանած շուկայականից ցածր գներով «Շտապ օգնություն» ընկերությանը հատկացվելիք 2 մլն բարել նավթը, Ուլիխանյանի խոսքերով, վերավաճառելու է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

«Պարեն՝ նավթի դիմաց» ծրագրի հերթական փուլը, ՄԱԿ-ի համաձայնությամբ, իրականացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարի՝ 13-րդ փուլի բանակցությունների ժամանակ անդրադառնան նաեւ հայաստանյան մյուս ընկերությունների հայտերին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG