Մատչելիության հղումներ




Երեկ առավոտյան Երեւանի «Նաիրիտ» ձեռնարկության տարածքում տեղի ունեցած հրդեհը, ձեռնարկության ղեկավարության վկայությամբ, մեծ չի եղել եւ նյութական եւ բնապահպանական առումներով լուրջ հետեւանքներ չի ունեցել: Իրականությանը, այսպիսով, չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի պնդումները, թե հրդեհը էկոլոգիական աղետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի համար:

Հրդեհը բռնկվել է «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվում են մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութեր: Չհերքելով հրդեհի փաստը, ձեռնարկության տնօրեն Սամվել Մամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իրականությունն այն է, որ մենք, իրոք, ունենք, էթինոլ լաքը, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել»: Նրա խոսքերով, բռնկումը տեղի է ունեցել առավոտյան այն ժամին, երբ սովորաբար կատարվում է հրշեջների շրջայցը, եւ վերջիններս 20-25 րոպեում մարել են հրդեհը:

«Նաիրիտ»-ի տնօրենը ավելացրեց, որ էթինոլը պայթուցիկ հատկություններ չունի եւ այն պահվում է արտադրական թափոնների արտադրամասում: Այն առաջանում է հիմնական արտադրական գործընթացի քիմիական պրոցեսների արդյունքում՝ որպես օժանդակ բաղադրություն: Խորհրդային տարիներին լաքն օգտագործել է նավաշինության մեջ՝ որպես հակակոռոզիոն ծածկույթ, իսկ այժմ էթինոլը պահանջարկ չունի եւ միակ ճանապարհը առաջացած ծավալների այրումն է:

Սակայն կուտակված ավելի քան 2000 տոննա էթինոլը չի այրվում՝ իրավական խնդիրների բերումով. «Նաիրիտ»-ի ապրանքանյութական բոլոր արժեքները այսօր կալանքի տակ են: Իրավիճակն առաջացել է սեփականաշնորհումից առաջ ձեռնարկությունը երեք մասի տրոհելու հետեւանքով: Պարտքերից մաքրված «Նաիրիտ-1»-ը անցել է Մեծ Բրիտանիայում գրանցված «Ռանսաթ» ընկերությունը, իսկ «Նաիրիտ»-ը՝ իր 30 միլիարդ դրամի (մոտ 54 մլն դոլար) հասնող պարտքերով, վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: Էթինոլի կուտակված ծավալները հնարավոր կլինի ոչնչացնել միայն «Նաիրիտ»-ի ունեցվածքի վրայից կալանքը հանելուց հետո:

Մամյանը տեղեկացրեց, որ օգոստոսին հրդեհ է եղել նաեւ «Նաիրիտ1»՝ կաուչուկի արտադրության մեջ, եւ դարձյալ առանց լուրջ հետեւանքների:

«Նաիրիտ-1»-ի բնապահպանական բաժնի պետ Լեւոն Քոչարյանի խոսքերով, հրդեհի պատճառ դարձած նյութի մեջ մեծ քանակություն է կազմում տոլոլը, որի արտանետումից առաջանում է նույնքան աղտոտում, որքան նավթային ցանկացածի ֆրակցիայի, նավթի, բենզինի, բենզոլի այրման դեպքում, ուստի հրդեհի էկոլոգիական վնասը հավասարվում է մեքենաների արտանետումների պատճառած վնասին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG