Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ը կարող է շուտով սնանկ ճանաչվել





Շատ մոտ ապագայում, ինչպես վկայում են «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները, «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը սնանկ կճանաչվի, իսկ կուտակված պարտքերը, կմնան, հավանաբար, պետության ուսերին:

Ավելի քան վեց ամիս առաջ «Էյրբաս» ընկերությունը ետ վերցրեց «Հայկական ավիաուղներ»-ին լիզինգային հիմունքներով վարձակալության տված օդանավը՝ միաժամանակ պահանջելով վերադարձնել ավելի քան 6 մլն դոլարի պարտքը: Դրանից հետո մի քանի անգամ գրավոր զգուշացումներ է արել: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ներկայումս «Էյրբաս»-ը որեւէ քայլ առայժմ չի ձեռնարկում:

«Հայկական ավիաուղիներ»-ի պարտքերը, սակայն, դրանով չեն սահմանափակվում. այն խոշոր պարտքեր ունի նաեւ մի շարք այլ ընկերությունների: Ռուբեն Գրիգորյանը, որը 2000 թվականին «Հայկական ավիաուղիներ»-ի տնօրենն էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, թե ընկերությունն այս վիճակում փրկելու ո'չ հնարավորություն եւ ո'չ էլ անհրաժեշտություն կա. սնանկ ճանաչելը ավելի շահավետ կլինի:

Նրա խոսքերով, ընկերության վիճակը վատ կառավարման արդյունք է: Դեռեւս 1999 թվականին կառավարությունը նվազագույն տոկոսներով 5 մլն դոլարի վարկ էր տրամադրել «Հայկական ավիաուղիներ»-ին, իսկ արդյունքում, ինչպես ասաց նախկին տնօրենը, ոչինչ էլ չեղավ. - «Դանայան տակառն էր՝ ինչպես եկավ, այնպես էլ գնաց: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք ոչ թե վնաս ունեցող ընկերության կամ մրցակցության հետ, այլ՝ վատ կառավարման կամ կառավարման վատ մեխանիզմների հետ»:

Ռուբեն Գրիգորյանը շահավետ է համարում 1998-ին ամսական մոտ 235 հազար դոլարով «Ա-310» օդանավի վարձակալումը: Թեեւ տեխսպասարկման եւ ապահովագրության արժեքի հետ միասին ամսական գումարը 1998-1999 թվականներին կազմել է 600-650 հազար դոլար:

Առանց կասկածի ենթարկելու մասնագետի կարծիքը, այնուամենայնիվ, հարկ է որոշ տվյալներ հավելել: Նախ, բանակցություններին խորհդատվական եւ վճարովի ծառայություն է մատուցել նման գործարքներ կատարելու փորձ ունեցող միջազգային մի ընկերություն, որի անունը այսօր ոչ ոք չմտաբերեց: Չհիշեցին նաեւ, թե որքան գումար է վճարվել ծառայության համար:

Ռուբեն Գրիգորյանի վկայությամբ, օդանավը վարձակալության տալու համար «Էյրբաս» ընկերությունը երաշխիք է պահանջել պետությունից (ինչը հնարավոր չէր) կամ առաջին կարգի եվրոպական կամ ամերիկյան բանկից: «Հայկական ավիաուղիներ»-ի ծավալից, մասշտաբներից ելնելով, որեւիցէ առաջին կարգի բանկ նման երաշխիք չէր կարող տալ: Այդ պատճառով «Հայկական ավիաուղիներ»-ը ստիպված էր 1 մլն դոլար դեպոզիտ դնել «Էյրբաս»-ում», - ասաց նա:

Ինչեւէ, գործարքն արդեն կատարվել էր, օդանավն էլ մինչեւ 2000 թվականը վնասով էր աշխատում: 2000-ին, սակայն, երբ արդեն առանց պարտքերի եւ շահույթով աշխատելու հույս կար, նոր խնդիրներ առաջացան: Փետրվարին առաջին անգամ խափանվեց շարժիչը: Հայկական կողմը 380 հազար դոլար վճարեց դրա նորոգման համար: Երկրորդ անգամ շարժիչը խափանվեց 2001-ի աշնանը: Ըստ մասնագետների, նորոգելու համար 500 հազար դոլար կպահանջվեր, սակայն քանի որ գումարը չգտնվեց, «Հայկական ավիաուղիներ»-ի ամսական 400 հազար դոլարով նոր շարժիչ վարձակալեց: 3-4 ամիս աշխատելուց հետո երրորդ շարժիչը խափանվեց եւ օդանավը վերջնականապես կանգնեց:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG