Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի պատվիրակները հանդիպել են «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատներին


Երեւանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Իրենա Բելահորսկան եւ Յերզի Յասկերնան, որոնք պատրաստում են Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը, չորեքշաբթի օրը Ազգային Ժողովում հանդիպել են «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատների հետ:

Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի պահանջով եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է, բնականաբար, մահապատժի հարցը:

«Մենք՝ հարազատներս, մինչեւ վերջ ենք պայքարելու մահապատժի համար», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ռիմա Դեմիրճյանը: - «Եվ մենք մենակ չենք. մենք արտահայտում ենք մեր ժողովրդի կարծիքը»:

Ի պատասխան հանդիպմանը մասնակցած տիկնայք Դեմիրճյանի, Բախշյանի եւ Միրոյանի հարցին, թե արդյո՞ք Եվրախորհուրդը «Հոկտեմբերի 27»֊-ի գործով ամբաստանյալներին քաղբանտարկյալներ է համարում, համազեկուցողները բացասական պատասխան են տվել՝ ասելով որ նրանք «հանցագործներ եւ մարդասպաններ են»:

Համազեկուցողներին զոհվածների այրիները ասել են նաեւ, որ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների՝ եթերից դուրս մնալուց հետո դատավարության հրապարակայնությունը տուժել է:

Հիմնական հարցադրումը, սակայն, եղել է պահանջը, որ համազեկուցողները չհանդիպեն Նաիրի Հունանյանի հետ: «Առանց այդ էլ նրանց հովանավորող իրավապաշտպան կազմակերպությունները, անընդհատ նրանց իրավունքներից խոսողները շատ են», - ասաց Ռիմա Դեմիրճյանը: - «Ես ասացի, որ նման ուշադրությունը նրանց նկատմամբ սնում եւ խրախուսում է նրանց լկտի պահվածքը»: Համազեկուցողները, Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, ասել են, թե այդպիսի մտադրություն չեն էլ ունեցել՝ բացառելով նման հանդիպման հնարավորությունը:

Մինչդեռ այսօր իսկ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «Հանդիպե՞լ եք արդյոք «Հոկտեմբերի 27»֊ի գործով ամբաստանյալներին», Յասկերյնյան ասել էր՝ դեռեւս ոչ եւ հավելել, որ «հանդիպումների կազմակերպիչների ծրագրում նման կետ կա: «Դա Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ուսումնասիրելու կոնցեպցիայի շրջանակներում է», - ասել էր Յասկերյնյան:

Հակասությունը պարզելու փորձերն ավարտվեցին նրանով, որ համենայնդեպս տիկին Բելահորսկան է ասել, թե նման ցանկություն չեն ունեցել եւ չունեն:

Եվրախորհրդի մոնիտորինգի խումբն, ըստ պատգամավորներից ստացված տեղեկությունների, Ազգային Ժողովում այսօր ունեցած այլ հանդիպումների ընթացքում հատկապես շեշտել է մահապատժի վերացման հարցը: Ստանձնած պարտավորությամբ, Հայաստանը մինչեւ 2002֊ թվականի հունվարը պետք է վավերացրած լիներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը, որը մահապատիժը թույլատրում է միայն պատերազմի սպառնալիքի կամ դրա ժամանակ կատարված ծանր հանցագործության դեպքում:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ համազեկուցողների հետ հանդիպումից հետո էլ պնդեց իր տեսակետը, որ պետք է հետաձգել արձանագրության վավերացումը: «Սա քաղաքական խնդիր է ու կարծում եմ, հանրապետության ղեկավարությունը այս հարցին կանդրադառնա», - ասաց նա՝ ավելացնելով, թե արձանագրության վավերացումը հիմա կնշանակի, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հանդեպ մահապատժի դատավճիռ չի կարող լինել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG