Մատչելիության հղումներ

Բացվել է նոր որսաշրջանը


Օգոստոսի 17-ից Հայաստանում թույլատրվել է լորի եւ թխակապույտ աղավնու որսը: Բացված որսաշրջանում թույլատրվել է որսալ 20 հազար լոր եւ 7 հազար թխակապույտ աղավնի:

Հանրապետության որսորդների եւ ձկնորսների միության ավելի քան 25 հազար անդամների թվում են, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արմեն Արաբյանը, նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության եւ ներքին գործերի նախարարները:

Արաբյանը հերքեց, թե նշված բարձրաստիճան պաշտոնյաները որս են անում արգելոցներում: Ավելի կտրական էր հերքումը, թե պաշտոնյաները խոշոր կենդանիների որս են կազմակերպում ուղղաթիռներով ու ավտոմատ հրազենով: Արաբյանը, այդուհանդերձ, ասաց, որ իրականում մի քանի անգամ գայլերի որս է կազմակերպվել ուղղաթիռներից:

Հանրապետությունում արջի որսը արգելված է, իսկ պտտվող լուրերը, թե հանրապետության նախագահը հենց արջի որսի է գնում, Արաբյանը որակեց «ասեկոսեներ»: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը սիրում է կաքավի որսը:

Պատասխանելով Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի (այրվել է 3-4 հեկտար, վնասի չափը դեռ ճշտվում է) պատճառների մասին հարցին, Արմեն Արաբյանը հերքեց, թե դա բարձրաստիճան որսորդների վառած խարույկի հետեւանք էր: «Դեպքը տեղի է ունեցել կայծակից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Կայծակը խփել էր գիհու ծառին, որը բոցավառվել էր»:

Արաբյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի 5-ից կթույլատրվի ջրլող թռչունների որսը, նոյեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջը՝ քարակաքավի եւ նապաստակի, նոյեմբերի կեսից՝ աղվեսի որսը: Միայն գայլի որսն է թույլատրված ամբողջ տարվա ընթացքում, քանի որ վերջին տարիներին գայլերի ինտենսիվ որս չի կատարվել եւ դրանք բազմացել են եւ շոշափելի վնաս են հասցնում անասնապահությանը:

Արջի որսը Հայաստանում արգելված է: Արջ սպանելու համար նախատեսված է 1000, իսկ հովազ սպանելու համար՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի տուգանք:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG