Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական արձակուրդները լրիվ հարամվեցին» վերնագրի տակ «Իրավունք»-ի մեկնաբանը ընդգծում է. - «Ամառային հանգստի հետ առանձնապես համատեղելի չէին իշխանամետ ուժերի ու օլիգարխների «բազարները» ընտրատարածքները իրար մեջ կիսելու եւ վերակիսելու վերաբերյալ»: Մեկնաբանի հայացքով, ոչ միայն Ազգային ժողովի ընտրություններին, այլեւ հոկտեմբերին կայանալիք համայնքապետական ընտրություններին տարբեր ծագում ունեցող «փողի տոպրակների» բախումներն անխուսափելի են, եւ «եթե դրան ավելացնենք քաղաքական ուժերի հավակնությունները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ շիլայի են վերածվելու աշնանային ընտրությունները»: Ընդդիմադիրների հանգիստն էլ վրդովում են դաշինքաշինության շուրջ անցուդարձերը: Այս դաշտում, «Իրավունք»-ի արձանագրմամբ, ամռանը հատկապես ակտիվ են եղել նախկին վարչապետ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության եւ ՀՀՇ-ի միջեւ շփումները:

«Գոլոս Արմենիի» թերթի դիտարկմամբ, մինչ «դաշինքացող» ընդդիմադիրները անտեսում են տեղական ընտրություններն ու զբաղված են մանր քաղաքական ինտրիգներով, հանրապետականները, վարչապետ Մարգարյանի գլխավորությամբ, հաստատուն քայլերով գրավելու են համայնքապետական դիրքերը՝ այդպիսով մյուս ընտրություններից առաջ հայտնվելով ամենաամուր վիճակում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, «Գոլոս Արմենիի»-ում նշվում է, որ այստեղ պատկերը բնավ էլ պարզ չէ. «Գործող նախագահը, ճիշտ է, ֆավորիտ է, բայց իշխանությունը դրականից ոչ պակաս օբյեկտիվ մինուսներ էլ ունի»:

Պատգամավոր, Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը օրերս է վերադարձել իր հայրենի Մարտունու շրջանի Ծովինար գյուղից եւ «Առավոտ»-ի թղթակցի հետ կիսվել է. «Եթե առաջ ես ասում է, որ ժողովուրդը գուցե 2 տոկոսի ձայն տա հանրապետության նախագահին, հիմա համոզված ասում եմ, որ իմ այցելած երկու շրջաններից գեթ մեկ գյուղացի ձայն կտա Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ արդեն այդ 2 տոկոսին էլ չեմ հավատում»: Սարգսյանը ուրախությամբ շեշտում է եւ, որ իր հանդիպած քաղաքական ուժերից ոչ մեկը ամբիցիաներով չի տառապում եւ չի պնդում, թե իր կուսակցության լիդերը պետք է լինի միասնական թեկնածուն: «Ոչ միայն միասնական թեկնածուի անունը պետք է տրվի, այլ նաեւ՝ կառավարության», - ավելացնում է կոմունիստ պատգամավորը: - «Ժողովուրդը պետք է իմանա, որ եթե այս դաշինքը գալիս է իշխանության, ապա պետք է պարզ լինի, թե որ ուժը որ ոլորտների պատասխանատվությունն է վերցնելու եւ կոնկրետ ժամանակացույց պիտի ներկայացվի ժողովրդին, թե քանի մասից ինչ գործեր են արվելու»: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Իրավունք»-ում մատուցելով ընդդիմության միասնականացման լավատեսական ընթացք՝ ընդգծում է. - «Եթե ժողովուրդը տեսնի, որ իր համար ընդունելի քաղաքական ուժերը միավորվել են, ապա հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կեղծիքները եւ ձայներ գնելը»: Միեւնույն ժամանակ, Արամ Սարգսյանը միանշանակ բացառում է հանուն արդար ընտրությունների ՀՀՇ-ի հետ համագործակցելը:

Անդրադառնալով նախկինների հնարավոր վերադարձի թեմային, «Առավոտ» թերթը նշում է. - «Ամեն դեպքում, նախկինների հնարավորությունները առաջիկա ընտրություններում իսկապես մեծ չեն: Ավելի շուտ այս ամենը իմիտացիա է, որն ուղղված է իշխանությունների նախընտրական առանցքային գաղափարի դեմ. այն է՝ գլխավոր վտանգը ՀՀՇ-ի վերադարձի մեջ է: Արդյունքն արդեն երեւում է՝ քաղաքական գործիչների մեծ մասը (թե' իշխանամետ, թե' ընդդիմադիր) արդեն չի ցանկանում հավատալ Քոչարյան - Տեր-Պետրոսյան մրցակցությանը: Նրանք բացառում են ՀՀՇ-ի իրական ռեւանշի հնարավորությունը... Մի խոսքով, դատելով ամեն ինչից, լավագույն դեպքում՝ Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ առանց ՀՀՇ-ի կերպարանքով հասարակական «բոբո» մրցակցի»:

«Հոկտեմբերի 9-ին լրանում է այն ժամկետը, որից հետո նախագահը զրկվում է Ազգային ժողովը լուծարելու սահմանադրական իրավունքից: Ուստի քաղաքական ուժերի հաշվարկներում այս ժամկետը առանցքային տեղ է գրավում», - կրկին առանձնացնում է «Հայկական ժամանակ» թերթը՝ փոխանցելով. - «Մասնավորապես, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը կարծում են, որ ԱԺ-ի լուծարումը շատ հավանական է, քանի որ այդպես ցանկանում են ՀՀԿ-ն եւ իշխանական մյուս կուսակցությունները: Ըստ այդ մեկնաբանությունների, իշխանական մի շարք կուսակցություններ նախագահական ընտրություններում Քոչարյանին աջակցելու մասին հայտարարություն կանեն, եթե մինչ այդ նրա աջակցությամբ խորհրդարանում ստանան իրենց ակնկալած տեղերը»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, վիճակը շարունակում է լարված մնալ եւ ներքին գործերի նախարարության համակարգում. փոխնախարարները, նաեւ նախարար Հարությունյանը դիրքային հակամարտությունների մեջ են՝ նպատակ հետապնդելով մինչեւ եկող տարվա հունվարի նախարարության վերաձեւումը ամրապնդել իրենց ազդեցությունն ու թուլացնել նոր պաշտոնների մրցակիցներին:

Գործուղումից վերադարձած «Ազգ»-ի թղթակիցը, ամրապնդելով այն միտքը, որ մեր երկրից դուրս էլ կյանքը մի բան չէ, պատմում է. - «Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանապահները, մաքսատան աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, քրեական հետախուզությունը, մյուս հազար ու մի ծառայությունները թալանում են, ստորացնում, ահաբեկում, բարոյական, տեղն եկած դեպքում՝ նաեւ ֆիզիկական ճնշումներ են բանեցնում սահմանը հատող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG