Մատչելիության հղումներ

360 հայաստանցի Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու ցանկություն է հայտնել


«360 հայ կամավոր է դիմել Հայաստանում ամերիկյան դեսպանատուն, միջազգային ուժերի կազմում Աֆղանստանում ծավալվող ռազմական գործողություներին մասնակցելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստեց դեսպանատան ռազմական կցորդ Էրիկ ֆոն Թերշը:

Արժանին հատուցելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու այդ մարդկանց պատրաստակամությանը, ֆոն Թերշը ասաց, որ Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ ընդունել միայն կառավարություններից եկող առաջարկները:

«Նման առաջարկ կառավարության կողմից չի եղել, սակայն այլ պաշտոնական առաջարկություններ մենք ստացել ենք», - ասաց ռազմական կցորդը: - «Հայաստանը օդային միջանցքներ էր տրամադրել եւ մարդասիրական օգնությունը Աֆղանստան հասցնող ինքնաթիռներին վերալիցքավորվելու հնարավորություն: Եթե դա Հայաստանում չարվեր, ապա հարկ կլիներ հասնել մինչեւ Վրաստան, կամ էլ վերալիցքավորումն իրականացնել օդում, ինչն այնքան էլ անվտանգ չէ»:

Հայաստանը, նրա խոսքերով, պատրաստակամ էր նաեւ Աֆղանստանում ողնուղեղի վնասվածք ստացողներին (եթե լինեին այդպիսիք) ընդունել Կարմիր խաչի հետտրավմատիկ կենտրոնում եւ ցույց տալ առաջին օգնությունը: Եթե լինեին օդաչուներ, որոնք օգնության կարիք կունենային, Հայաստանը պատրաստ էր նրանց եւս ընդունել, տալ վայրէջքի հնարավորություն՝ ապահովելով ինքնաթիռների անվտանգությունը: Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել նաեւ անհրաժեշտ տարածքներ տրամադրել՝ վթարային վայրէջքների անհրաժեշտության դեպքում:

Անդրադառնալով ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, Էրիկ ֆոն Թերշը ասաց, որ այն սահմանափակ դրսեւորումներ ուներ մինչեւ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները: Սակայն սեպտեմբերյան դեպքերից, ինչպես նաեւ 907 բանաձեւի առկախումից հետո, ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնվեց եւ, նրա խոսքերով, ներկայումս իրականացվող ծրագրերը ավելի օգտակար են Հայաստանի զինված ուժերի համար:

Խոսելող անցյալ տարի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին իբրեւ ռազմական օգնություն հատկացված 4,3 միլիոն դոլարի օգտագործման վերաբերյալ, ռազմական կցորդն նշեց Հայաստանի զինված ուժերի կապի համակարգի վերազինումը. բացի տեխնիկական սարքավորումների տրամադրումից, կհիմնադրվի հայ-ամերիկյան ռազմական դպրոց՝ հաղորդակցության համակարգի ճիշտ կառավարման համար: Էրիկ ֆոն Թերշը շեշտեց հատկապես հայ-ամերիկյան ռազմական դպրոցների հիմնադրման ծրագիրի կարեւորությունը: Աշնանն արդեն կսկվի անգլերեն լեզվի ուսուցման ծրագիրը, որից հետո մարդիկ ուսումը կարող են շարունակել նույն հաղորդակցության, կառավարման ու ռեսուրսների տնօրինման ոլորտներում:



Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG