Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մեկնաբանելով Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումը, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ կանի եւ, ամենայն հավանականությամբ, նրան կհաջողվի խուսափել Ղարաբաղի հարցում վերջնական փաստաթուղթ ստորագրելուց, հետեւաբար՝ նաեւ պատասխանատվությունից, բայց դրանով Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորումը միայն է'լ ավելի անբարենպաստ կլինի հայկական կողմի համար»: Փափազյանի հայացքով, «Ղարաբաղի խնդիրը, որպես այդպիսին, այսօր մեծ հետաքրքրություն չի ներկայացնում», բայց այս հարցն էլ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, վաղ թե ուշ իր լուծումը ստանալու է, եւ այդժամ Մինսկի խմբի համանախագահող երկրները կկիրառեն կտրուկ դիվանագիտական, քաղաքական լծակներ:

«Առավոտ»-ի խմբագրականում այսօր ենթադրություն է ընդգծված, որ առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը ավելի շուտ կնախընտրի հենվել օլիգարխների վրա, այլ ոչ թե՝ իր բախտը կապել քաղաքական այլեւայլ ուժերի հետ, որոնցից սպասելի են ոչ միայն ամեն կարգի անախորժություններ, այլեւ՝ դավաճանություն: «Ամենայն հավանականությամբ, նա հույսը նորից կդնի կոռումպացված բյուրոկրատիայի վրա», - նշվում է «Առավոտ»-ում: - «Ի վերջո, չինովնիկների հետ աշխատելն ավելի հեշտ է, քան իշխանությանը այս կամ այն ճանապարհով հասած քաղաքական էլիտայի, որը սիրում է նախագահին հիշեցնել մատուցած ծառայությունների մասին՝ փոխարենը պահանջելով նախարարական պորտֆելներ եւ «պրախոդ» բիզնեսում»: «Բայց», - ավելացնում է խմբագրականը, - «այս շրջանում զուտ նոմենկլատուրայի վրա հենվելը կարող է եւ չաշխատել: «Փեսացուները» դժվար թե Քոչարյանին ներեն իրենց ձեռքի ու սրտի առաջարկի հերթական մերժումը: Ի վերջո, նրանք կարող են վիրավորվել ու այլ տեղերում հարսնացու որոնել»: «Իրավունք» թերթում եւս արձանագրված է. «Ռոբերտ Քոչարյանը, լիովին չվստահելով իշխանամետ կուսակցություններից որեւէ մեկին, անընդհատ փորձում է ստեղծել օլիգարխներից, ապաքաղաքականացված չինովնիկներից եւ մարզաշխարհի ոչ պակաս ապաքաղաքականացված ներկայացուցիչներից բաղկացած լրացուցիչ հենարաններ»: Թերթի մատնանշմամբ, իշխանական եւ իշխանամետ հավակնորդների կրքերն առավել քան բորբոքված են, եւ նախեւառաջ դա վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանի որ համայնքապետական աթոռներ ունենալը նշանակում է ունենալ փող եւ ապագա այլ ընտրությունների վրա ազդելու հզոր լծակներ: «Վերջնական պայմանավորվածությունների բացակայությունն է պատճառը, որ այժմ Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիր»-ը չեն շտապում դիրքորոշում հայտնել այս կամ այն հարցերում, եւ չպետք է բացառել, որ այդ ուժերի մի մասը հետագայում կարող է հայտնվել ընդդիմադիր դաշտում», - իր հերթին ենթադրում է «Իրավունք»-ի մենկաբանը՝ ընդհանուր առմամբ մոտ ապագայի համար կանխատեսելով. - «Աշնանը սպասվում են Հայաստանի նորագույն պատմությունում, թերեւս, ամենաբուռն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրությունները, որտեղ իշխանական տարբեր ուժերը փորձարկելու են իրենց ատամների ամրությունը, իսկ ընդդիմությունը փորձնական եղանակով կողմնորոշվելու է, թե ինչպիսի նոր կեղտոտ տեխնոլոգիաներ կան եւ ինչպես դրանք կարելի է չեզոքացնել»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Աշոտ Սարգսյանի գնահատականով, այդ հանձնաժողովի ձեւավորման նոր կարգը նպատակ էր հետապնդում այնտեղից դուրս մղել ընդդիմության ներկայացուցիչներին, եւ այսօր գործող ԿԸՀ-ն լրիվ իշխանական է: «Եթե նախկին իշխանություններին մեղադրում էին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, այս իշխանությունը ավելի առաջ է գնում՝ մինչեւ ընտրություններն արդեն օրենքի տեսքով հիմք է ստեղծում ընտրությունը ցանկացած ուղիով տանելու համար», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Աշոտ Սարգսյանը: - «Միասնություն» խմբակցության այս պահվածքն էլ կբերի կուսակցության ադեկվատ քայլերին, ու ինձ թվում է ՀԺԿ-ն այեւս չի մնա «Միասնություն» խմբակության մեջ»: ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն էլ նույն թերթի թղթակցին ասել է. - «Մեզ համար իսկզբանե էլ հայտնի էր, թե ինչի համար է ընդունվում նոր Ընտրական օրենսգիրքը: Ի՞նչ արած՝ մենք կպայքարենք վստահված անձերով»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի հրահանգով ստուգումներ է անցկացնում մաքսային վարչությունում: Նույն ընթացքում վարչության պետ Արմեն Ավետիսյանը հանգստանում է ֆրանսիական Նիցցա քաղաքում: Ավետիսյանի գործունեության շուրջ կառավարությունում լուրջ տարաձայնություններ կան», - նշված է «Հայկական ժամանակ»-ում: - «Որոշ նախարարներ, օրինակ, Կառլոս Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանին համոզում են Ավետիսյանին պաշտոնանկ անել, սակայն մաքսայինի պետը վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Հիմա, կարծես, վերջինս արդեն հոգնել է Ավետիսյանին պաշտպանելուց, քանի որ մաքսայինի պետը անընդհատ սկանդալների մեջ է ընկնում, ապրում է անգամ այսօրվա հայաստանյան չափանիշներով պետական պաշտոնյային ոչ վայել կյանքով»:

«Բուրժուական կայֆեր» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Նազարյանը իր տասնօրյա հանգիստը անցկացրել է Գերմանիայում: Նրա աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ, Նազարյանը մեկնել էր բժշկական հետազոտման: «Կարծում ենք, սակայն», - ընդգծել է «Հայկական ժամանակ»-ը, - «Երեւանի քաղաքապետը, ընդհանրապես, պետք է բժշկական հետազոտություն անցնի, ասենք, Երեւանի թիվ 14 կամ մեկ այլ պոլիկլինիկայում, որտեղ աշխատողների մի քանի տարվա աշխատավարձը բավարար չէ Երեւան - Ֆրակֆուրտ տոմս գնելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG