Մատչելիության հղումներ

Սադարակյան հանդիպման արդյունքները


Սադարակի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտ երկու տասնյակ հանդիպումներից ամենաերկարն էր՝ նախագահները խոսեցին 4 ժամ 15 րոպե: Ընդ որում այդ երկարատեւ բանակցությունների որեւէ փուլում նրանց չմիացան ո'չ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, ո'չ էլ նախագահների հատուկ ներկայացուցիչները, որոնք նույնպես ժամանել էին Սադարակ:

Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ երկարատեւ զրույցից հետո նախագահների տրամադրությունը բարձր է ու իրենք բավարարված են, սակայն բանակցությունների բովանդակության մասին որեւէ տեղեկություն հրաժարվեց հայտնել: Հաշվի առնելով, որ նախագահների անձնական ներկայացուցիչներն էլ Պրահայում երկու անգամ հանդիպելուց հետո որեւէ տեղեկություն չեն հայտնել, մեկնաբանները ենթադրում, որ «կիսահրապարակային» փուլից հետո, երբ կողմերը հեռակա կարգով վիճաբանում էին փարիզյան սկզբունքների ու միջանցքների մասին, շրջադարձ է կատարվում դեպի խիստ կոնֆիդենցիալ, գաղտնի բանակցությունները, երբ կողմերն այլեւս ոչինչ չեն հրապարակելու:

Սադարակում որոշվեց նաեւ, որ նախագահների հանդիպումները պետք է շարունակվեն: Մասնագետները սա կարեւոր են համարում, քանի որ Քոչարյան - Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել ավելի քան 9 ամիս առաջ:


Հեյդար Ալիեւի վկայությամբ, հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա աշնանը Քիշնեւում՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում: Սա փորձագետներին հիմք է տալիս եզրակացնելու, որ նախագահներն ընտրել են «չափավորական» գիծ՝ մի կողմից չդադարեցնել բանակցությունները, մյուս կողմից առանձնապես չինտենսիվացնել դրանք, ինչպես եղավ, օրինակ, 2001-ի սկզբին, երբ նախագահների հանդիպումները հաջորդում էին միմյանց, այլ պարզապես օգտագործել հարմար առիթները ստուգելու համար՝ արդյո՞ք ավելի կոշտ կամ ավելի մեղմ չեն դարձել դիրքորոշումները:

Մեկնաբանները նման գիծը բացատրում են նաեւ այն հանգամանքով, որ երկու նախագահներին ընտրություններ են սպասում: Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Կովկասյան ծրագրի տնօրեն Զեյնո Բարընը փաստել է, որ «երկու նախագահները մոտ ապագայում մասնակցելու են ընտրությունների, եւ ինձ համար դժվար կլինի ասել, թե Վաշինգտոնում որեւէ մեկը լուրջ արդյունք է ակնկալում այս հանդիպումներից»:


Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ բանակցությունների ժամանակ Հեյդար Ալիեւին ասել է. - «Եթե մենք չլուծենք Ղարաբաղի հարցը, ապա ո՞վ պիտի լուծի»: Վերլուծելով այս հայտարարությունը, փորձագետները ենթադրում են, որ իրենց առանձնազրույցի որոշ մասը նախագահները նվիրել են իրենց համար հրատապ ընտրական թեմային՝ գիտակցելով, որ վերընտրվելու դեպքում միայն կարող են իրականացնել պատերազմը բացառելու քաղաքականությունը:


Թեեւ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, կրկին հերքելով փարիզյան սկզբունքների գոյությունը, հեգնել է, թե «Սադարակի բանակցություններից հետո էլ կարելի է «սադարակյան» սկզբունքների մասին խոսել», մեկնաբանները առնվազն երեք սկզբունք են նշում, որոնք հաստատվել են Նախիջեւանում՝ պատերազմի մասին չխոսել, հանդիպումները շարունակել, բայց՝ գաղտնի եւ, վերջապես, միմյանց ընտրություններին ոչ թե խանգարել, այլ աջակցել:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG