Մատչելիության հղումներ

Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում են Երեւանի թատրոնները


Ամերիկահայ մեծահարուստ-բարերար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամի՝ Հայաստանում իրականացվող 150 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրի ուղղություններից մեկը մշակութային օջախների վերանորոգումն է: Մինչեւ 2003 թվականի նոյեմբերի 1-ը իրականացվելիք ծրագրի շրջանակներում մշակութային օջախների՝ այդ թվում Երեւանի թատրոնների վերանորոգման նպատակով կհատկացվի 17,5 մլն դոլար:

Օրերս սկսվեցին Սունդուկյանի անվան թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները: Այսպիսով թատերական միակ բեմը մինչեւ այդ տարվա դեկտեմբեր, երբ ըստ ծրագրի ավարտվելու է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը, թատերական միակ բեմը Երեւվանում կլինի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմահարթակը:

Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ վերանորոգումը կոսմետիկ բնույթ չի կրի: Շահվերդյանը, թեեւ չգիտեր, թե որքան գումար է հատկացված վերանորոգման աշխատանքների համար, այդուհանդերձ, ասաց, որ թատրոնը կարիք ունի լուսային, ձայնային սարքավորումների, ջեռուցման համակարգի նորացման ու վերանորոգման:

Վերանորոգումը ոչ մի կերպ չի անդրադառնա թատրոնի ստեղծագործական աշխատանքների վրա: Պատրաստվում են նոր բեմադրություններ՝ հիմնականում ժամանակակից հայ թատերագիրների ստեղծագործությունները: Վահե Շահվերդյանը համոզմունք հայտնեց, որ թատրոնը այս ընթացքում չի կորցնի իր հանդիսատեսին, քանի որ հատկապես վերջին երեք տարիներին թատրոնի բոլոր ներկայացումները անցել են լեփ-լեցուն դահլիճներում»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG