Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հետքերով «Առավոտ» թերթը ի մի է բերել. «Հեյդար Ալիեւը 18-րդ զրույցի նախօրեին ասաց, թե իր կարծիքով Մեղրիի մասին արած իր հայտարարությունը հայերի վրա պիտի որ մեծ տպավորություն թողներ։ Սակայն Ալիեւի սպասումներին հակառակ՝ հայերը լուրը հանգիստ տարան։ Թեեւ սրանից չի հետեւում, որ Ալիեւը այն ժամանակ սուտ խոսեց։ Նա պարզապես գերագնահատեց հայաստանյան հասարակության եւ ընդդիմության ուժերը։ Այժմ Ադրբեջանի առաջնորդն արդեն հաշվի առավ այդ հանգամանքը։ Եվ այդ պատճառով էլ, թերեւս, Ալիեւը փոխեց իր տակտիկան՝ դառնալով խաղաղության աղավնի եւ հրաժարվելով ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հասցեին վերջերս արած իր կոշտ հայտարարություններից: Նա շատ լավ հասկացավ, որ Քոչարյանի ապագան կախված է ոչ թե Հայաստանի քաղաքացիներից (որոնց հետ նախագահը սովոր է հաշվի չնստել), այլ միջազգային հանրությունից», - շեշտադրում է «Առավոտ»-ը։ - «Քոչարյանի երկրպագուները պնդում են, թե այդ հանրությունը ու մասնավորապես Միացյալ Նահանգները այնքան էլ չեն սիրում մեր նախագահին, քանի որ վերջինս մենամարտի է դուրս եկել աշխարհի հետ՝ կրծքով պաշտպանելով Հայաստանի շահերը։ Սակայն սրանք միայն ներքին օգտագործման համար նախատեսված հեքիաթներ են։ Ալիեւից շատ հենց Քոչարյանին է անհրաժեշտ գերտերությունների աջակցությունը՝ պահպանելու համար նախագահի աթոռը... Մի խոսքով», - ամփոփված է «Առավոտ»-ում, - «Երկու նախագահներն էլ շահագրգռված են «հանրության» առաջ ձեւեր թափել: Ինչը եւ անում են»:

«Հայկական ժամանակ» թերթում էլ առաջ է մղվում այն տեսակետը, թե այն հանդիպման միակ նպատակը ժամանակ շահելն է՝ մինչեւ Ադրբեջանում եւ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները. «Թե' Ալիեւը եւ թե' Քոչարյանը այսպիսով փորձում են տպավորություն ստեղծել, որ ինտենսիվ աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ այդպիսով ապահովագրվում են Արեւմուտքի ճնշումներից»: «Քոչարյան - Ալիեւ հանդիպումը բնավ որեւէ նորություն չէր նախանշում», - իր տպավորությունն է փոխանցում «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Գուցե միայն Ադրբեջանի նախագահը սովորականից ավելի «խաղաղասեր» էր երեւվում: Իսկ ընդհանուր առմամբ, եթե նախագահները որեւէ պայմանավորվածության էլ հանգել էին, ապա՝ բացառապես այն հարցում, թե ինչպես խուսափեն լրագրողների սուր հարցերից»:

Ըստ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի խոսնակ Լեւոն Զուրաբյանի, արտահերթ նախագահական ընտրությունները «բացառել հնարավոր չէ՝ հաշվի առնելով երկրում տիրող դժգոհությունների չափը եւ գործող նախագահին ներկայացված մեղադրանքների լրջությունը»: Սրան հետեւած՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի դիտողությանը, որ «նույնիսկ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անցկացրած վերջին սոցհարցման արդյունքներով նախագահի հնարավոր թեկնածուների շարքում ռեսպոնդենտները նախապատվությունը տվել էին գործող նախագահին», Զուրաբյանը արձագանքում է. - «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ միայն չորս գործիչ կարող են հավակնել լուրջ տոկոսների. Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյան: Ընդ որում Երեւանում 1200 ռեսպոնդենտների միջեւ անցկացված վերջին հարցումներից մեկը հենց նշված հաջորդականությամբ էր տեղավորել այս գործիչներին: Քոչարյանն իր 15 տոկոսով հայտնվել է չորրորդ տեղում: Հասկանալի է նաեւ, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ցանկացած միավորում կառաջացնի ուժեղ այլընտրանքային մի թեկնածու, որը միանշանակ ի զորու է հաղթելու Քոչարյանին», - եզրահանգում է նախկին նախագահի խոսնակը:

Թեկնածու նախագահների կյանքից «Առավոտ»-ի թղթակիցը այսօր փոխանցում է, որ մասնավորապես Պարույր Հայրիկյանի ու Վազգեն Մանուկյանի կուսակցությունները լծված են իրենց մշտական թեկնածուների առաջմղմանը, իսկ Դաշնակցությունը, ինչպես թղթակցին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մտադիր է «նախագահական հոսանքում մտցնել առողջ քննադատության էլեմենտը»: Այդ առիթով ծրագրեր են մշակված, որոնք սեպտեմբերից կհրապարակայնացվեն: Մեծ հաշվով, ՀՅԴ-ն, ըստ այդ ծրագրերի, այժմ նախագահական թեւի հետ հարաբերությունների ճշտման փուլում է։ Կախված նրանից, թե ծրագրերը «ինչ քանակի եւ որակի կընդունվեն, կորոշվի՝ պաշտպանե՞լ Քոչարյանի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածու առաջադրել», - նշել է Արմեն Ռուստամյանը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG