Մատչելիության հղումներ




Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սադարակ բնակավայրում այսօր կայացավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Ղարաբաղյան հակամարտությունը:

Չորս ժամից ավելի տեւած բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում երկու երկրների նախագահները, թեեւ չմանրամասնեցին բանակցությունների ընթացքը, փաստեցին, այդուհանդերձ, որ շարունակելու են անձնական հանդիպումները, որոնք «մեծ պոտենցիալ» ունեն՝ հակառակ Ադրբեջանում եւ Հայաստանում հնչող դատողությունների, թե դրանք անարդյունավետ են:

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները լրագրողների ասացին, թե պայմանավորվել են շարունակել ու ամրապնդել հրադադարը, շարունակել բանակցությունները, խթանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որոնել խաղաղ գործընթացի զարգացմանը եւ հակամարտության կարգավորմանը նպաստող այլ միջոցներ:

Երկու նախագահները հայտարարեցին, որ իրենց երկրներին «խաղաղություն է հարկավոր», եւ իրենք շարժվելու են այդ ուղղությամբ, իսկ միջնորդները պատրաստակամ են խաղաղության ամրապնդման համար ե'ւ նյութական, ե'ւ քաղաքական ռեսուրսներ տրամադրել:

Ադրբեջանի նախագահը ասուլիսում «շատ հնարավոր» համարեց, որ իրենց հաջորդ հանդիպումը տեղի ունենա Մոլդովայի մայրաքաղաքում գալիք աշնանը կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

Սադարակում հայ լրագրողների հետ հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Նա կրկին հերքեց «փարիզյան սկզբունքների» գոյությունը՝ ասելով, թե Փարիզում եղել է նախագիծ, բայց ոչ «սկզբունքների փաստաթուղթ», որովհետեւ փաստաթուղթ «կարելի է համարել միայն այն, ինչին կողմերը համաձայնել են»: Իսկ նախագծին, նրա խոսքերով, ադրբեջանական կողմը հավանություն չի տվել, քանի որ «դրանում արտացոլված չեն եղել Ադրբեջանի շահերը»:

Գուլիեւը ասաց, թե սադարակյան հանդիպման օրակարգը հայտնի է միայն երկու նախագահներին: Ադրբեջանի արտգործնախարարը կրկնեց իր երկրի դիրքորոշումը՝ ասելով, թե Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել իբրեւ բանակցող կողմ, քանի որ, նրա խոսքերով, Ղարաբաղի «թիկունքին Հայաստանն է կանգնած»:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում 2003-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ, ըստ Գուլիեւի, փոխզիջումների հնարավորությունը մեծ չէ: Ադրբեջանի արտգործնախարարը ասաց, որ իր երկիրը պատրաստ է փոխզիջումների՝ «մինչեւ որոշակի սահմանը»: Նրա խոսքերով, ստեղծված իրավիճակը կարող է փոխվել, եւ «Հայաստանը չպետք է օգտվի իր ունեցած որոշակի առավելություններից ու ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»:

«Իհարկե, ոչ ոք պատերազմ չի ուզում, եւ խնդիրը պետք է լուծել», - ասաց Վիլայաթ Գուլիեւը: - «Իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը կարգավորվի լիսաբոնյան գագաթնաժողովի որոշումների հիմքի վրա»:

Սադարակ ժամանած ադրբեջանցի լրագրողների համար էլ կարճատեւ ասուլիս էր կազմակերպել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մինչ այդ հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Աաֆար Աբիեւի հետ:

Բանակցություններին, բացի նախագահ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, հայկական կողմից մասնակցում էին նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու փոխարտգործնախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանը:


Արմեն Զաքարյան, Սադարակ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG