Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը անջատել է խոշորագույն ինտերնետային մատակարարի կապուղին





Երկուշաբթի օրը «ԱրմենՏել»-ը անջատել է հանրապետության ինտերնետային կապի խոշորագույն մատակարար «Արմինկո» ընկերության կապուղին եւ մեկ օր ժամանակ է տվել՝ ազատելու «ԱրմենՏել»-ի շենքում զբաղեցրած տարածքը:

Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը տեղեկացրեց, որ «Արմինկո»-ն օգտվել է անօրինական կապուղիներից: Նրա խոսքերով, դեռ մի քանի ամիս առաջ իրենք զգուշացրել են «Արմինկո»-ի տնօրինությանը, սակայն ընկերության գործելաոճը մնացել էր անփոփոխ:

Դեռ տարեսկզբին «ԱրմենՏել» - «Արմինկո» հարաբերությունները բավականին ջերմ էին: Հունվարին երկու ընկերությունների ղեկավարները հայտարարեցին, որ ինտերնետային կապ մատակարարող «Արմենսել» անունով համատեղ ձեռնարկություն է բացվում: Որոշ ժամանակ անց, սակայն, դեռեւս անհայտ պատճառներով, «ԱրմենՏել»-ի եւ «Արմինկո»-ի հարաբերությունները «սառչում են»:

Մի քանի ամիս առաջ, երբ «ԱրմենՏել»-ը հանրապետությունում գործող մի քանի մանր, միջին կամ խոշոր ընկերությունների կապուղիներն էր անջատում, «Արմինկո»-ն նույնպես զգուշացվել էր: Որոշ մատակարարներ դիմեցին դատարանին, կապի եւ տրանսպորտի նախարարությունում համապատասխան հանձնաժողով ստեղծվեց, որի կազմում ընդգրկվել էին թե' խոշոր մատակարարներ, թե' «ԱրմենՏել»-ի եւ նախարարության ներկայացուցիչներ: Որոշ ժամանակ անց հարցը, կարծես, կարգավորվեց: Երեկ, սակայն, առանց որեւէ նախազգուշացման, «ԱրմենՏել»-ը անջատել է «Արմինկո»-ի կապուղիները: «ԱրմենՏել»-ի շենքի մոտ հավաքված լրագրողներին չէր հաջողվել որեւէ տեղեկություն ստանալ:


Այսօր հրավիրած ասուլիսի նպատակը թերեւս ընկերության նորանշանակ գլխավոր կոմերցիոն տնօրեն Յանիս Կրալիսին ներկայացնելու համար: Նիկոս Գեորգուլասի փոխանցմամբ, Կրալիսը մասնավոր սեկտորի հետ աշխատանքի մեծ փորձ ունի, երկար տարիներ աշխատել է Հունաստանից դուրս եւ հաջորդ երեք տարիների ընթացքում զբաղվելու է «ԱրմենՏել»-ի կոմերցիոն հարցերով:

Եթե նկատի ունենանք փաստը, որ ինտերնետային կապի մատակարարումը լուրջ եւ շահավետ կոմերցիոն գործունեություն է, ապա չի կարելի բացառել, որ Կրալիսը հենց այդ ոլորտն է տնօրինելու եւ համակարգելու:

Ինչ վերաբերում է «ԱրմենՏել» - «Արմինկո» հարաբերություններին, ապա Նիկոս Գեորգուլասը հայտարարեց, որ դրանք ոչնչով չեն տարբերվում հանրապետության ցանկացած մատակարարի հետ ունեցած հարաբերություններից, եւ «քանի դեռ կողմերից մեկը անօրինական քայլերի չի դիմել, նրանց միջեւ հարաբերությունները գերազանց են»:

Ո'չ «Արմենտել»-ի եւ ո'չ էլ «Արմինկո»-ի ղեկավարությունները կարծես մտադրություն չունեն օրենքի շրջանակներում հարցին լուծում տալ: Գեորգուլասը թեեւ այսօր ասաց, թե դիմելու են դատարան, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց: Մի քանի ամիս առաջ էլ, երբ «ԱրմենՏել»-ը անջատել էր «Արմինկո»-ի կապուղին, վերջինիս տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն էր հայտարարել, թե դիմելու են դատարան:

Գեորգուլասը այսօր ասաց նաեւ, որ ընկերությունը կարող է սպասարկել «Արմինկո»-ի բաժանորդներին: Այսինքն՝ կռվանը ոչ այնքան ապօրինությունն է, որքան ինտերնետային շուկայում մենաշնորհային դիրք գրավելը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG