Մատչելիության հղումներ

logo-print



Պաշտոնական Ստեփանակերտի հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը, ինչպես եւ կանխատեսվում էր, կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոս, վերընտրվել է ԼՂՀ նախագահ:

Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Ղուկասյանի մրցակիցներից առավելագույն քվեներ՝ 7,7 տոկոս, ստացել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին խոսնակ Արթուր Թովմասյանը: Մյուս երկու թեկնածուները՝ Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» կուսակցության նախագահ Գեորգի Աֆանասյանը, ըստ նախնական տվյալների, ստացել են ձայների համապատասխանաբար 2,1 եւ 1,3 տոկոսը:

Ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը մասնակցել են ցուցակներում ընդգրված 90 հազար ընտրողների 75,8 տոկոսը: Քվեարկությունը, միջազգային դիտորդների վկայությամբ, անցել է առանց նկատելի խախտումների: Պարտված թեկնածուների կողմից գրավոր բողոքներ առայժմ չեն արձանագրվել:

Քվեարկության ընտրողների ակտիվ մասնակցությունը ուղղակի պատասխանն էր Ադրբեջանի հայտարարություններին, որոնցից ամենածիծաղելին, ինչպես ներկայացնում են արցախցիները, Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղղված՝ ընտրությունները բոյկոտելու կոչն էր: «Սա խթան դարձավ, որպեսզի մենք առանց հայտարարության ուղղակի գործով ապացուցենք մեր անկախությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շուշիի հումանիտար դպրոցի տնօեն Ալբերտ Խաչատրյանը :

Մի քանի տասնյակ երկրերից ժամանած դիտորդների կարծիքով, անցկացված ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին, իսկ դրանց կազմակերպմանը կարող էին նախանձել զարգացած երկրներից շատերը:

«Մասնակցությունը շատ ավելի բարձր է, իսկ ոգեւորությունը՝ շատ ավելի մեծ, քան Միացյալ Նահանգներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: - «Սա շատ բան է ասում Ղարաբաղի եւ իր ժողովրդի մասին: Բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ իրենք իսկական ազգ են եւ ցանկանում են անել ամեն ինչ՝ դառնալու արեւմտյան եւ ժողովրդավարական պետություն»:

Դիտորդական առաքելությամբ Ղարաբաղ եկած մյուս կոնգրեսականը՝ Լոյդ Դոգեթը նույն տապվորությունն է ստացել. «Գործընթացը թափանցիկ էր եւ արդար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ղարաբաղը ընտրել է ժողովրդավարության ուղին ռազմական իշխանության փոխարեն»:

«Այցելելով ընտրական տեղամասեր եւ հանդիպելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու հասարակայնության տարբեր խավերի հետ, մենք արձանագրեցինք, որ ընտրությունների ողջ ընթացքը՝ քվեարկությունն ու ձայների հաշվարկը, եղել է ազատ ու թափանցիկ, միջազգային նորմերին համապատասխան», - հայտարարեց Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան խմբի ներկայացուցիչը:

«Այդ փաստը, որ ժողովուրդի կամքով է ընտրվում քաղաքական ղեկավարությունը, պետք է նպաստի Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը: Միաժամանակ, այս ընտրություններով եւս մի քայլ արվեց Ղարաբաղի ժողովրդավարացման ուղղությամբ», - ասաց ֆրանսիացի դիտորդներից մեկը:

Իրենց նախնական եզրակացութոյւնը հրապարակելիս ամերիկյան դիտորդները նկատեցին, թե վերջապես Արցախում ուժային կառույցնեը դեր չունեցան քաղաքացիական գործընթացներում: Ընտրություներին զինվորները մասնակցեցին որպես լիիրավ քաղաքացիներ:

Զինվորական ստորաբաժանումներից մեկը քվեարկության առաջնորդած սպա Արթուր Սեւյանը հավաստիացրեց, որ ոչ մի հրահանգ ընտրությունների վերաբերյալ չի եղել, ինչը հաստատեցին նաեւ զինվորները:

Արկադի Ղուկասյանը արդեն ստացել է առաջին շնորհավորանքները: «Ձեր վերընտրությունը Արցախի ժողովրդի կամքի ազատ դրսեւորումն է, ազատության, անկախության եւ ժողովրդավարության ուղիով վճռականորեն քայլելու նրա պատմական ընտրության հաստատումը», - ասված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձում: - «Վստահ եմ, որ Ձեր երկրորդ պաշտոնավարությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հզորացմանն ու բարգավաճմանը՝ ի շահ Արցախի, Հայաստանի եւ համայն հայության»:

Իսկ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում ասված է. - «ԼՂ Հանրապետության նախագահի ընտրությամբ Արցախի հերոսական ժողովուրդը վերստին հաստատեց ազատ ապրելու իր կամքը եւ իր պատրաստակամությունը՝ ընթանալու Արցախի պետականության զորացման, երկրի կայունության ամրապնդման եւ բարգավաճման ճանապարհով»:

Երկուշաբթի օր հրավիրած ասուլիսում վերընտրված նախագահ Արկադի Ղուկասյանը իր համոզիչ հաղթանակը պայմանավորեց նրանով, որ նախորդ տարիներին արվածը մտապահվել ու գնահատվել է մարդկանց կողմից: Նա շեշտեց սոցիալ-տնտեսական ոլորտի ձեռքբերումները եւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, օրենքի գերակայության հաստատումը Լեռնային Ղարաբաղում:

«Մենք անկախության հարցը, փաստորեն, լուծել ենք», - հայտարարեց Արկադի Ղուկասյանը: - «Մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ: Բաքվի ցանկացած փորձ՝ իրեն ենթարկեցնել Ղարաբաղը, պատերազմ է»:

Ինչպես Լեռնային Ղարաբաղում անցկացված բոլոր նախկին ընտրությունները, կիրակի օրը անցած քվերակությունն էլ անօրինական է հռչակվել Ադրբեջանի եւ միջազգային համայնքի կողմից: Նրանք փաստարկում են, թե մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության ձեռքբերումը որեւէ ընտրություն չի կարող օրինական համարվել:

Ստեփանակերտի եւ Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, հակափաստարկում են, որ միայն ժողովրդի քվեն ունեցող Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ:


Հրանտ Ալեքսանյան եւ Շաքե Ավոյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG