Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի ՆԳ վարչության պետը նոր նշանակում է ստանում


Երեւանի ներքին գործերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, որը, ըստ հաղորդումների, հուլիսի 9-ին բռնություն էր կիրառել ներքին գործերի բաժին բերման ենթարկված Աժ պատգամավորի նկատմամբ, ինչպես հայտնի դարձավ շաբաթ օրը, նոր նշանակում է ստացել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից, Աշոտ Գիզիրյանը նշանակվել է նախարարության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, վարչության պետ: Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը չասաց, թե արդյոք նշանակումը կապված է անցած ամիս Աժ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի նկատմամբ Գիզիրյանի կողմից բռնություն կիրառելու մեղադրանքների հետ:

«Մենք չենք մեկնաբանում նախարարությունում կատարվող կադրային տեղաշարժերը», - ասաց նա:

Մեկ ամիս առաջ Աշոտ Գիզիրյանի կարգադրությամբ ու մասնակցությամբ ներքին գործերի բաժնում բռնությունների էին ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանը եւ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը:

Ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքել էր մեղադրանքները՝ կատարվածը ներկայացնելով հետեւյալ կերպ. պատգամավորին ընդամենը խմածության կասկածանքով տարել են ՆԳ բաժին, վերջինս երկար ժամանակ չի համաձայնել խմածության համար ստուգման ենթարկվել: Ի վերջո ստուգման ենթարկվել է, բժիշկը հաստատել է նրա խմածությունը, կազմվել է համապատասխան արձանագրություն:

Դեպքից մի քանի օր անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել էին, որ հետամուտ են լինելու եւ գործին լուրջ ընթացք է տրվելու:

Ներքին գործերի նախարարության կառուցվածքին քաջածանոթ անձինք տարբեր կարծիքներ հայտնեցին Գիզիրյանի նոր նշանակման կապակցությամբ. մեծամասնությունը, այդուհանդերձ, համարում է, որ նշանակումը դիրքի որոշակի իջեցում է:

Մայրաքաղաքի ներքին գործերի վարչությունը կգլխավորի Արամ Զախարյանը, որը մինչ այդ Արագածոտնի մարզային ներքին գործերի վարչության պետն էր:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG