Մատչելիության հղումներ

Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարում է առաջին նիստը


Նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր կայացած անդրանիկ նիստում որոշվեց, որ հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն 2003 թվականի փետրվարի 19-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ մայիսի 25-ին: Նիստում ընտրվեց նաեւ ԿԸՀ-ի ղեկավարությունը:

ԿԸՀ-ի նախագահ ընտրվեց նախկին ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը: Նրա տեղակալի պաշտոնում ընտրվեց Հայ Հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը: Իսկ ԿԸՀ-ի քարտուղարը այսուհետ կլինի նախկինում Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովում «Միասնություն» դաշինքը ներկայացնող Աննա Ալեքսանյանը:

Օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում 3-ական անդամ նշանակելու իրավասությունը կառավարությունից փոխանցվել է հանրապետության նախագահին: Օգոստոսի 3-ի հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ անդամներ էր նշանակել Արտակ Սահրադյանին, Արթուր Պողոսյանին եւ Արմեն Սինանյանին: Վերջին երկուսը մինչ այդ պաշտոնավարում էին կառավարության կազմում:

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի, ԿԸՀ-ի մյուս վեց անդամները ներկայացնում են ներկա Ազգային ժողովում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերը՝ «Միասնություն» խմբակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց Երկիր»-ը, Կոմունիստական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարական միությունը, եւ «Իրավունք եւ միաբանություն»-ը:

Ի տարբերություն միաձայն ընտրված Արտակ Սահրադյանի եւ Աննա Ալեքսանյանի, Համլետ Աբրահամյանը ստացել էր երկու դեմ ձայն: Աբրահամյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել Կոմկուսի ներկայացուցիչ Վիլեն Սուքիասյանը եւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ներկայացնող Զավեն Պլուզյանը: Վերջինս նիստից հետո լրագրողներին իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով. - «Ղեկավար մարմինները, փաստորեն կազմված են նախագահամետ, պալատական ուժերից»:

Նոր ԿԸՀ-ի առաջին նիստը այսօր բոյկոտեց նորանշանակ անդամ, «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավոյանը, պատճառը հանձնաժողովի ղեկավար կազմի ընտրության արդյունքների կանխորոշված լինելն էր:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG