Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը արձագանքում է առաջիկա ընտրություններին վերաբերող հայտարարություններին


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության՝ այսօր տարածած հայտարարությունը մերժում է միջազգային կառույցների կողմից հնչած քննադատությունը այստեղ կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Անցած ուրբաթ տարածած հայտարարությամբ Եվրամիության անդամ երկրները «անօրինական» են համարել Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Այդօրինակ հայտարարություններ, ադրբեջանական պաշտոնական աղբյուրների պնդմամբ, իրենք արդեն ստացվել են նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանից եւ Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերից:

«Տարակուսանք են առաջացնում Եվրամիության նախագահության եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացման անիրավունակության մասին, ինչը կարելի է գնահատել որպես փորձ՝ հակազդելու ժողովրդավարական գործընթացների խորացմանը մի տարածքում, որը աշխարհագրական առումով արդեն իսկ գտնվում է եվրոպական պատասխանատվության գոտում», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը համոզմունք է հայտնել, որ «ԼՂՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն` թափանցիկություն ապահովելով ընտրական գործընթացի բոլոր մակարդակներում», տեղեկացնելով նաեւ, որ «ընտրությունների անցկացման ընթացքին հետեւելու համար ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ հարյուր միջազգային անկախ դիտորդներ եւ լրագրողներ են գրանցվել ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից եւ այլ երկրներից»:

ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ միջազգային նման արձագանքը «հրահրված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք առաջին անգամը չէ, որ փորձում են թույլ չտալ մեր հանրապետությունում ընտրությունների անցկացումը»:

«Եթե Բաքվում համոզված լինեին, որ Արցախում տեղի կունենան ավելի վատ ընտրություններ, քան Ադրբեջանում, ապա աղմուկ չէին բարձրացնի ընտրություների շուրջ», - ասաց նա: - «Ես կարծում եմ, միջազգային հանրությունը լավ է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության համաժողովրդական ընտրությունը ոչ միայն չի բարդացնի, այլ ընդհակառակը՝ կնպաստի Ադրբեջանի հետ մեր հակամարտության կարգավորման գործընթացին»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG