Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր երկրի վաղվա օրը հուսալի ձեռքերում է», - տառաշեշտել է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ համահայկական երիտասարդական հավաքում նախագահ Քոչարյանի եւ երիտասարդների ժպտուն ձեռքսեղմման պատկերի կողքին: Հավաքը շրջանակված է երկու թեզիսով՝ «Երիտասարդական խնդիրներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու» եւ «Տարին հագեցած է Հայաստան - սփյուռք փոխհարաբերությունները համակարգող միջոցառումներով, որոնց պտուղները դեռ քաղելու ենք»:

«Իրավունք» թերթի արտացոլմամբ, մինչ նախագահը «հաճույքով ժամեր ու օրեր է անցկացնում երիտասարդական ու սկաուտական հավաքներում, իսկ քաղաքական գործիչների մի մասը ժամանակ է գտնում, որպեսզի գլուխը մի կերպ պրծացնի շոգերից, քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, ակտիվ գործընթացներ են տեղի ունենում»: Մասնավորապես, «Իրավունք»-ը Հանրապետական կուսակցության եւս մեկ կադրային հաղթանակ է գնահատում քաղաքացիական ավիացիայի վարչության պետի փոփոխությունը, իսկ որպես ամենակարեւոր մատնանշում է ընտրական հանձնաժողովների ձեւավորումը: Մեկնաբանի բնորոշմամբ, այստեղ էլ առաջ են մղվում «քոչարյանական կոմսոմոլի» ներկայացուցիչները, այսինքն՝ «քոչարյանամետ եւ միաժամանակ կարիերիստական մեծ հավակնություններ ունեցող երիտասարդներով համալրված հասարակական կառույցները»: Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ հանձնաժողովների ձեւավորումն ուղեկցվելու է բախումներով ու սկանդալներով, յուրային ներկայացուցիչների նշանակման շուրջ հայտնի որակի առեւտրով ու սակարկություններով:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանում, այն էլ նախընտրական շրջանում, քաղաքականությունը բնավ էլ գիտություն ու արվեստ, բարձրագույն մաթեմատիկա չէ, այլ արհեստ, ընդ որում՝ հնագույնին նմանվող. «Չափից ավելի պարզունակ-պրագմատիկ է, ինչից էլ բխում են քաղաքական խմբերի ամենատարօրինակ մերձեցումներ: Այդ թվում՝ գաղափարական հակառակորդների հետ»: Այս առումով «Գոլոս Արմենիի»-ում առանձնացվում են Վազգեն Մանուկյանի, Պարույր Հայրիկյանի, Ալբերտ Բազեյանի հակվածությունները՝ այլեւս չվանել հհշականներին: Իշխանության ճամբարից էլ հատուկ ուշադրություն է դարձվում Հանրապետական կուսակցությանը, որն ամուր դիրքեր է պահում եւ դաշնակիցների կարիք չի զգում: «Միեւնույն ժամանակ», - ընդգծում է մեկնաբանը, - «ՀՀԿ-ն բնավ չի շտապում հայտարարել, որ պաշտպանում է Քոչարյանի թեկնածությունը, իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է անցնել ավելի ուժեղ թեկնածուի կողմը»:

Մինչ «Հայաստանի կոմունիստ» թերթը փոխանցում է իր շարքերի բյուրեղացման ու քայքայիչներից ազատման պատկեր եւ հավաստում, թե «բոլշեւիզմը չի ունեցել գաղափարական այնպիսի առաջընթաց, որակական թռիչք, ինչպես այսօր է», «Օր» թերթում մատնանշվում է, որ Կոմկուսի դաշինքը ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հետ, որոնք նաեւ գաղափարական առումով նրան օտար են, փաստում է Կոմկուսի աննախադեպ թուլությունն ու անզորությունը. նախկինում բոլոր ընտրություններում կոմունիստները կարողանում էին առանձին հանդես գալ:

«ԼՂՀ նախագահի ընտրությունները հնարավորություն ունեն շրջադարձային դառնալու նորագույն հայոց պատմության համար», - շեշտվում է այսօր «Օր» թերթում: - «Ներկայիս նախագահ Ղուկասյանի առավելությունն այլ թեկնածուների նկատմամբ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, նրան սատարել են նաեւ բոլոր ուժեղ քաղաքական ուժերը՝ Կոմկուսից մինչեւ Դաշնակցություն: Այս ամենը պետք է որ լինի երաշխիքն այն իրողության, որ հանրապետության ներկայիս ղեկավարը կարիք չի ունենա իր վերընտրվելն ավելի ապահովելու համար գնալ կեղծիքների: Այս ընտրությունները կարող են վերջապես վերականգնել հասարակության հավատը հնարավոր արդար ընտրությունների նկատմամբ»: Բացի այդ միջազգային հանրությունն էլ կտեսնի լեգիտիմ իշխանությամբ ժողովրդավարական երկիր կառուցելու կամք եւ փաստ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG