Մատչելիության հղումներ

Թուրքիան ընդարձակում է ազգային փոքրամասնությունների իրավունքները


Թուրքիայի խորհրդարանը անցած ուրբաթ վերջապես ընդունեց երկար սպասված բարեփոխումների փաթեթը, որը կարող է այդ երկրի համար ճանապարհ բացել դեպի Եվրամիություն: 0րենսդրական նոր փաթեթը վերացնում է մահապատիժը՝ իբրեւ բացառություն թողնելով միայն պատերազմական եւ նախապատերազմական իրավիճակները:

Եվրամիության պահանջներից մեկը վերաբերում է ազգային փոքրամասնությունների եւ հատկապես Թուքիայի հայերի իրավունքներին: Բարեփոխումների նոր փաթեթով ընդարձակվում են Թուրքիայի հունական, հրեական եւ հայկական համայնքների ունեցվածքային իրավունքները:

Հայկական համայնքը եւ եկեղեցին Թուրքիայում շատ դժվարին կացության մեջ էին հայտնվել 1974 թվականից ի վեր, երբ թուրքական կառավարությունը անվերջ դատական գործեր էր հարուցում Հայ եկեղեցու եւ համայնքի դեմ՝ ապօրինի ճանաչելով 1936-ից հետո որպես ժառանգույթուն կամ այլ ճանապարհով ձեռք բերված կալվածքները:

1936 թվականին թուրքական կառավարույթունը պահանջել էր հայկական համայնքից հայտարարագիր ներկայացնել գույքի եւ ունեցվածքի մասին: Հայտարարագրում նշված բոլոր կալվածքները ճանաչվեցին պետության կողմից: Սակայն դրանից հետո էլ հայկական եկեղեցին եւ մյուս հաստատությունները շարունակում էին նոր ունեցվածք ձեռք բերել: Թուրքիայի հայ մեծահարուստներից շատերը իրենց ունեցվածքի մի մասը սովորաբար ժառանգում էին եկեղեցուն: Բայց ահա 1970-ականներին, երբ կրկին բարձրացավ հայկական ցեղասպանույթան հարցը, ինչպես նաեւ Կիպրոսի խնդիրը, թուրքական կառավարությունը ապօրինի ճանաչեց 1936 թվականից հետո հայկական եւ հունական համայնքների կողմից ստացված գույքն ու ունեցվածքը եւ սկսվեցին առգրավումները:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» հայկական թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատեջյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է տալու նոր օրենքը Թուրքիայի հայերին, ասաց, որ դեռեւս վաղ է հստակ այդ մասին խոսելը: Ամեն դեպքում, հայերը լավատես են, որովհետեւ «սրբագրվում է անցյալում գործված սխալը»: Հայերը որոշ վերապահությամբ են վերաբերում նոր օրենքին, ըստ որի, նոր կալվածքների ձեւակերպումը ենթակա է Թուրքիայի նախարարների խորհրդի վավերացմանը:

Բարեփոխումների նոր փաթեթը իրավունք է տալիս նաեւ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին զարգացնել իրենց ազգային մշակույթը, ունենալ մայրենի լեզվով հեռուստառադիոհեռարձակումներ, թերթեր, դասավանդել մայրենի լեզու:

Թուրքիայի հայ համայնքը հույս ունի ոչ միայն հետ ստանալ առգրավված ունեցվածքը, այլ նաեւ իրավունք ստանալ ունենալու սեփական հայերեն լեզվով հեռուստածրագրեր եւ ռադիոհաղորդումներ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG